Ինչպե՞ս ներկայացնել հարազատի կորուստը երեխային

մահվան-վախ

Ինչպե՞ս ներկայացնել հարազատի կորուստը երեխային

Տարիքային վախերից մեկին՝ մահվան վախին է անդրադարձել մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանը:

Մահվան վախը բոնորոշ է լինում 5-7 տարիքային խմբի երեխաներին։ Երեխաների գիտակցական ընկալման մեջ իր տեղն է գտնում այն միտքը, որ մահը անդառնալի երևույթ է։ Հասկանալով մահվան անդառնալիությունը՝ երեխաները սկսում են վախենալ, որ հնարավոր է իրենց կամ հարազատների հետ նման բան պատահի։ Մահվան մասին մտքերը կամ հարցերը երեխաների մոտ առաջանում է նաև, երբ հարազատներից որևէ մեկն է մահանում։ Այս բոլոր դեպքերում կարիք կա երեխայի հետ խոսելու և իրեն հուզող բոլոր հարցերին տալ հստակ պատասխան։⠀

Հարազատի կորստի դեպքում դժվար է լինում սեփական հույզերը կառավարել և երեխային համապատասխանաբար արձագանքել։ Սակայն այս պահերին կարևոր է երեխային ևս հաղորդել թե ինչ է կատարվել՝ չխուսափելով մահ բառից։ Հաճախ ծնողները կարծում են, որ երեխայի համար ավելի լավ կլինի լսել, օրինակ՝ «տատիկը մեկնել է ճամփորդության կամ նա երկար ու խորը քնելու է»: Թվում է, թե այս ձևակերպումները ավելի հասկանալի կլինեն, բայց տեղի է ունենում հակառակը։⠀

Առաջանում է անորոշություն, սպասում, հնարավոր է նաև այլ խնդիրեր՝ երեխան չցանկանա քնել՝ կարծելով, որ երբեք չի արթնանա։ Նմանատիպ իրավիճակից խուսափելու համար կարող ենք կիրառել բնության հետ համեմատությունները՝ ծաղիկների, ծառերի օրինակով:⠀

Լուրը հայտնելիս հույզերի դրսևորումը բնական է, սակայն դա չպետք է վերածվի հիստերիայի կամ բռնկման։ Կարևոր է նաև, որ որքան էլ դժվար լինի, բայց հարազատի կորստի լուրը երեխային հայտնեն իր ծնողները։⠀

Դժվարին օրերին երեխայի կողքին պետք է լինի հարազատ անձնավորություն, նրա առօրյան կազմակերպելու համար։ Հաջորդ հարցը, որ հաճախ առաջանում է ծնողների մոտ. արդյո՞ք կարիք կա, որ երեխան մասնակցի հուղարկավորությանը: Այստեղ կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային և անձնային առանձնահատկությունները։⠀

Որքան փոքր է երեխան, այնքան պետք է խուսափել նման տեսարաններից, իսկ դպրոցականների և դեռահասների դեպքում երեխայի հետ քննարկել նաև մի փոքր նախապատրաստվել սպասվող տեսարանին։ Իրավիճակով պայմանավորված՝ հրաժեշտը կարող եք կազմակերպել մեկ այլ օր, այլ պայմաններում՝ նորից երեխայի հետ քննարկելով, թե ինքն ինչպես կցանկանա։