Երեխան կենտրոնում, կամ խճճված ծնողների ժամանակաշրջանը

Երեխան կենտրոնում

Երեխան կենտրոնում, կամ խճճված ծնողների ժամանակաշրջանը

-Էտ սեռական դաստիարակությունա, ինչա, չպիտի լինի դպրոցում։ Ու տանն էլ ես իմ աղջկան չեմ պատրաստվում տենց բաներ սովորացնեմ։

-Իսկ տանը ինչու ոչ։

-Ի, բա երեխայա, բա որ իջնի հայաթ մեկի մոտ մի բան ասի, չեն ասի էս ում երեխենա, էս ինչերա խոսում․․․

Սա հատված էր շատ պատահական զրույցից, որ ունեցա հանրային տրանսպորտում մի ծանոթ կնոջ հետ։ Եվ քանի դեռ վրա չեն հասել մեր հին բարքերը փնովող անձիք, փորձենք այս իրավիճակին մեկ այլ կետից նայել։ Մի կողմ դնենք հուզականությունը։

Միջմշակութային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր հասարակության մեջ ծնողները մեծ հաշվով դաստիարակում և պատրաստում են իրենց երեխաներին այն կյանքին, որը նրան սպասում է հենց ԱՅԴ հասարակության մեջ։ Եթե դու ճապոնացի կին ես, ավելի լավ կանես երեխաներիդ սովորեցնես այն վարքն ու բարքը, որը ընդունված է հենց ճապոնական հասարակության մեջ։ Դա հետագայում կօգնի նրան դառնալ հասարակության լիիրավ անդամ, և կբարձրացնի սերունդը շարունակելու նրա հնարավորությունը։ Եթե դու աֆրիկյան ինչ-որ ցեղի կին ես, հավանաբար այնքան էլ շահագրգռված չես լինի, որ տղադ Արիստոտել կարդա, բայց կնախընտրես, որ նա կարողանա կենդանի որսալ, մորթել և ընդհանարապես տոկուն լինել։ Կես կատակ կես լուրջ վերաձևակերպելով Մարքսի հայտնի խոսքը, թե Կեցությունն է ձևավորում գիտակցությունը, կարող ենք ասել, որ կեցությունն է ձևավորում ծնողավարությունը։

Եվ իրականում ծնողները այս ամենը ողնաշարով են զգում։ Ըստ այդմ ոչ հին, ոչ նոր, ոչ վերամաբարձ, ոչ էլ ռացիոնալ արժեքների քարոզը շատ մեծ դեր չեն խաղա այս հարցում։ Յուրաքանչյուր ծնող ձգտում է այնպես անել, որ իր երեխան հետագայում դառնա հասարակության լիիրավ անդամ և սոցիալական բուրգում հնարավորինս բարձր դեր զբաղեցնի։ Դա և միայն դա է, որ ապահովում է հետագայում առողջ և համեմատաբար բարեկեցիկ կյանքի ու առողջ թոռների առկայությունը։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք փորձել հասկանալ վերը նշված կնոջը։ Նա, իհարկե վտանգի տակ դնելով առողջության հետ իր դստեր հետագա հնարավոր խնդիրները, նախևառաջ հոգում է իր դստեր հասարակական վարկանիշի մասին։ Եվ սա կատակ բան չէ։ Կինն ուզում է, որ իր աղջիկը շատ ընկներներ ունենա, լինի սիրված և հարգված հասարակության կողմից։ Եվ շատ ճիշտ է ուզում, քանի որ այս գործոնները հետագայում հնարավորություն կտանն նրան սոցիալական ավելի բարձր քայլ կատարել և, ինչու ոչ, ավելի բարձր, ժողովրդի լեզվով ասած՝ «հարգված ընտանիքից տղա ուզել»։ Դա մեզ դուր է  գալիս, թե ոչ, բայց մեր հասարակությունում դեռևս ամուսնությունն է ամենատարածված մեխանիզմը կնոջ սոցիալական դիրքը բարձրացնելու համար։ Այս ամենը, իհարկե փոխվում է, և հենց այս փոփոխություններն են, որ առաջ են բերում մեր մեջ այսքան տարբեր, իրարամերժ ծնողավարության խնդիրներ։

Մեծանաս,  Մեծ Մարդ դառնաս

Երեխային դաստիարակելիս՝ ծնեղները հաճախ հաշվի են նստում երեք փոփոխականի հետ․

1․ Բարոյական արժեքներ

2․Տնտեսական իրավիճակ

3․ Սոցիալական ադապտացիա

Առաջինը այս եռյակում երևի թե ամենակայուն փոփոխականն է։ Բայց անգամ այն մեր օրերում ենթարկվում է լուրջ տրանսֆորմացիայի։ Սա երեկ չի սկսվել, ինչպես սիրում են նշել շատերը, գործընթացը վաղուց էր գնում, և այստեղ իր դերն է խաղացել թե աշխարհի մոդեռնիզացիան, թե սովետական երկար տարիներին աթեիզմի քարոզը(անկախ եկեղեցուն ձեր ունեցած անհատական վերաբերմունքից, բարոյականության հասարակական լայն գիտակցության մեջ կրոնը միշտ լուրջ դեր է խաղացել), թե այլ մանր ու միջին  գործոններ։ Արդյունքում այսօր հասարակական դիսկուրսում շատ է խոսվում է մեզ մոտ Ձևի առկայության և բովանդակության բացակայության մասին։ Շատ բարոյական հարցերից մնացել է միայն արտաքին փաթեթը, ներքին մղումներն ու արժեքները չկան։Եվ մարդիկ, անգամ եթե դա չեն գիտակցում, միանշանակ զգում են։

Տնտեսական իրավիճակի մասին երկար խոսել չարժի։ Ամեն ինչ ակնհայտ է։ Եթե մոտ 50 տարի առաջ Պոլիտեխնիկ ավարտած անձը գիտեր, որ իր ամբողջ կյանքի ընթացքում որպես ինժեներ աշխատելու է գործանարանում, ունենալու է ստաբիլ եկամուտ, ապա այսօր մարդիկ կրթվում են, վերապատրաստվում են, մասնագիտություն և ոլորտ են փոխում։ Նախ, որովհետև շուկան ավելի լայն է ու ճկուն, ավելի անկանխատեսելի, և բացի այդ, քանի որ կա վերակրթվելու, ինքդ քեզ կրկին գտնելու հնարավորություն։

Երրորդ գործոնն ամենա խճճվածն է։ Եթե ժամանակին կար հստակ վարքականոն, որին հետևելով, մարդը մոտավորապես գիտեր, թե որտեղ ինչպես իրեն պահի, այսօր այս ամենը, ելնելով վերը նշված երկու կետերից, քարուքանդ է լինում։ Արդյունքում շփոթված ծնողները մի կողմից փորձում են ամեն գնով զարգացնել երեխայի անհատականությունը, մյուս կողմից չգիտեն էլ ոնց համոզեն, որ խմբի անդամ լինելու համար պետք է զիջումների գնալ։

Այս խարխլված գործոններից է նաև կախված մայրիկների և հայրիկների համաշխարհային մրցավազքը։ Տանել երեխային ամենատարբեր խմբակներ։ Զարգացնել երեխայի մեջ հնարավոր ամեն ինչ։ Քանի որ ապագան ծայրահեղ անկանխատեսելի է։ Դու չգիտես, նա ինչ կդառնա, կյանքում որ պահին, որ ունակությունը նրան պետք կգա։ Աճող գլոբալ, մրցակցային թե տնտեսական, թե ամուսնության շուկան, էլ ավելի բարձր պահանջներ է դնում տղաների և աղջիկների առջև։ Նման իրավիճակներում ծնողներին ոչինչ չի մնում, քան զարգացնել երեխայի ԵՍ-ը։ Այնպես անել, որ իր ռեսուրսը լինի հենց ինքը, բայց խնդիրը նրանում է, որ մեծ հաշվով ոչ-ոք չգիտի, թե ինչպես այդ ԵՍ-ը զարգացնել։ Նման ցայտնոտի պարագայում մենք ունենում ենք «մեկ ընտանիք, մեկ դաստիարկության համակարգ» միտումը, որը և ձևավորում է դաստիարակության հետ կապված այս խայտաբղետ, կռիվներով լինի, մոլորված և քարկապ ընկած միջավայրը։

Դժվար է իրականում ծնողներին կամ հենց ինքդ քեզ ինչ-որ խորհուրդ տալ, երբ պատկերացնում ես իրավիճակի նման բարդությունը։ Թե ծայրահեղ ավանդապաշտ, թե մոդերինզացված ծնողը մեծ հաշվով նույն նպատակն ունեն՝ ապահովել երեխայի հետագա բարօրությունը։ Ու քանի որ ոչ-ոք մեծ հաշվով չգիտի, թե ինչ փոփոխություններ են մեզ սպասվում վաղը, հայտարարել, թե այս մեթոդը, կամ այն դաստիարակության ձևաչափը իդեալական կլինի, պարզապես ռոմանտիզմ կամ հասարակ անհեռատեսություն է։ Մի բան, սակայն,  հստակ չափված է գիտության մեջ։ Ինչ արհավիրք էլ, որ պատահի կյանքում, այն անձիք, ովքեր ունենում են ավելի շատ հասարակական աջակցություն, ովքեր ունեն ընկերներ և հարազատներ, որոնք իրեն անկեղծ կսիրեն և իր կողքին կկանգնեն, նրանք էլ ամենահեշտն են հաղթահարում դժվարությունները։ Այնպես որ խմբակներից և դպրոցական տարատեսակ ծրագրերից առաջ, երևի թե միակ և կայուն ծնողավարության միավորը պետք է լինի ընտանիքի անդամների հուզական կապը։ Ընտանիքի բառիս լայն իմաստով։ Եվ որքան լայն, այնքան լավ։

Լիանա Խաչատրյան

Լրագրող, հոգեբան