ՀԱՄԱԿԱՐԳՉԱՀԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

համակարգչային կախվածություն

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՀԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Ժամանակակից տեխնոլոգիաների ճնշման ազդեցության տակ կատարվող դպրոցականի հոգեբանության փոփոխությունները կարող են հանգեցնել լուրջ հետևանքների թե՛ երեխաների,  թե՛ նրանց ծնողների համար։ Այդ խնդրով անհրաժեշտ է զբաղվել անընդհատ, հօգուտ ապագայի,  որը ստեղծում ենք մենք կամ բավական թանկ գնով ձեռք բերում։  Հոգեկանի զարգացման վրա բացասական կախվածություն են առաջացնում հատկապես համակարգչային խաղերը:  

21-րդ դարի տեսաբաններիը  հայտնում են երկու տարբեր տեսակետ.

 Հետազոտողների մի մասը պնդում է,  որ տեխնոլոգիական կախվածության դեպքում պետք    է կիրառել վարքային թերապիայի հատուկ տեխնիկաներ՝ բուժելու այդ կախվածությունը որպես ախտաբանական խանգարում,  մյուս մասն այն կարծիքին է, որ դեռ պետք է հետազոտություններ անցկացվեն՝ նախքան այն հիվանդություն որակելը։ Մեկ այլ տեսակետ գոյություն ունի,  որի համաձայն՝ այն սոցիալ-հոգեբանական,  մանկավարժական հիմնախնդիր է,  և դրա կանխարգելումը մանկավարժ-հոգեբանների գործառույթն է: 

 Առաջարկվում են նմանօրինակ կախվածության խնդրի վերացման հետևյալ քայլերը.

  1. դպրոցականի վարքի վերահսկողության ուժեղացում ծնողների և մանկավարժի կողմից,
  2. բակային տարածքների,  խաղադաշտերի, անվճար կամ վստահելի սպորտային խմբակների հաճախման  հնարավորություն,
  3. դպրոցականների ժամանցի կամ նրանց համար նախատեսված զբաղմունքների հանդեպ ունեցած հետաքրքրության մեծացում:

Ժամանակակից երեխաները հայտնվում են ոչ հեռավոր անցյալում եղած միջավայրից շոշափելիորեն տարբեր միջավայրում, որը հագեցած է տարաբնույթ տեխնիկական միջոցներով:  Արդեն սովորական դարձած ռադիոյի,  հեռուստացույցի ու վիդեոյի կողքին հայտնվում են համակարգիչը,  կառավարման համակարգերով և պատկերային միջոցներով օժտված բազմազան խաղալիքներ:  Հավանաբար այս ամենը քիչ-քիչ կփոխի ավանդական պատկերացումները կրթության ու գրագիտության մասին:  Ու թեև արդեն նկատելի  է,  որ տեխնոլոգիական դարաշրջանի երեխաները  գործ ունեն ավելի շատ էլեկտրոնային  գրությունների տեսքով ներկայացվող,  քան թղթի էջի վրա զետեղված տպագիր նյութի հետ,  այնուամենայնիվ՝ կրթական-մշակութային միջավայրում շարունակում է կարևոր դեր խաղալ տպագիր  գիրքը:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈԻԹՅՈՒՆԸ ԵՎ ԽԱՂԵՐԸ

Արդեն ակներև է,  որ տեղեկատվական դարաշրջանի առավել նշանակալից փոփոխությունները կկատարվեն հասարակական ոլորտում,  կունենան ընկերային բնույթ և դրանց ակունքները արդեն առաջանում են այսօրվա երեխաների փորձառության մեջ:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը,  որ աշխարհի տարբեր վայրերում անձնական համակարգիչների և խաղային կցորդների վաճառքն ավելացել է տասնյակներ, ապա կարելի է ասել,  որ համակարգչային խաղերը,  հեռուստատեսության հետ մեկտեղ,  փոքրիկների վրա բացասական ազդեցության լուրջ գործոն են դարձել։ Ի՞նչ վտանգ են դրանք ներկայացնում։ Վերցնենք,  օրինակ,  դերային մենամարտերը և,  այսպես ասած, ռազմավարություն-խաղերը (ստրատեգիա)։ Դրանք հիմնականում ագրեսիվ լաբիրինթոսների վերարտադրություններ են, որտեղ ամեն վայրկյան տարբեր անկյուններից դուրս են թռչում բազմաթիվ սարսափելի կերպարներ՝ մուտանտներ, զամբիներ,  հիբրիդներ,  մարդակերպ ռոբոտներ,  առասպելական հրեշներ,  հսկայական միջատներ, կմախքներ և այլն, որոնք հաճախ զինված են մահաբեր զենքերի նախանձելի բազմազանությամբ։ Նրանց բոլորի նպատակը խաղացողին,  այսինքն՝ երեխային  «սպանելն»  է։ Հարցը դրվում է կա՛մ նա,  կա՛մ իրենք տարբերակով։ Իրական կյանքում այդ խաղերին կարող է փոխարինել  գիշերային մղձավանջը։

Արտասահմանյան մի շարք  երկրներում  կան փառատոններ նման խաղերի առաջնություններ,  որտեղ բոլոր հրեշներին «սպանելուց» հետո,  երեխաները սկսում են պայքարել միմյանց դեմ։ Առաջնությունն անցկացվում է «Սպանիր բոլորին և ստացիր մրցանակը» կարգախոսով։ Ողջ աշխարհի ինտերնետային ակումբներում երեխաները ժամերով նստում են համակարգչի առջև ու սեղմում ստեղնաշարի կոճակները հարվածելու,  սպանելու և ոչնչացնելու համար։ Իսկ ծնողները գոհ են։ Սակայն,  օրերով նստած մնալով համակարգչի առջև,  փոքրիկները ոչ միայն ֆիզիկական,  այլև զգալի բարոյահոգեբանական վնաս են ստանում։ Թափառելով համակարգչային լաբիրինթոսում՝ երեխան ակամա դառնում է թեկուզ վիրտուալ,  բայց սպանության մեղսակից։   Այս  ամենն  առաջին  հերթին  ազդում  է  երեխայի  հոգեկան  զարգացման  վրա:

Դերային,  արկածային խաղերը երբեմն կառուցվում են հայտնի գրական ստեղծագործությունների կամ գեղարվեստական ֆիլմերի հիման վրա։ Խաղացողը,  հետապնդելով ինչ-որ աշխարհակալ իշխանի,  անցնում է դժոխքի բոլոր պարունակներով և մենամարտում նրա հետ։ Եթե երեխան հաղթում է, ապա ինքն է դառնում ողջ աշխարհի տիրակալը,  իսկ եթե ոչ՝ դառնում է նրա ստրուկը։ Դժվար չէ պատկերացնել,  ինչպես կարող է նման սցենարն ազդել երեխայի դեռեւս ձեւավորման փուլում գտնվող հոգեբանության վրա։ Մեր օրերում համակարգչային խաղերը հետաքրքրաշարժ են բոլորի համար,  ավելի գրավիչ են, քան գրքերը կամ,  նույնիսկ, դրանց հետ մրցակցող հեռուստատեսությունը։ Սակայն դրանք աճող սերնդին հեռացնում են երբևէ գոյություն ունեցող արժեքային համակարգից,  կտրում հարազատ արմատներից և ատելություն առաջացնում ազգային ավանդույթների նկատմամբ։ Երեխաներն աստիճանաբար օտարվում են ազգային,  մշակութային ժառանգությունից,  քանի որ համակարգչային խաղերը կառուցված են գերազանցապես օտար, , մտածելակերպին համապատասխան՝ սկսած սյուժեից մինչև կերպարները,  գրաֆիկական ձեւավորումը, բնապատկերները և այլն:

Դպրոցականների մոտ խաղերից արագորեն հոգեբանական կախվածություն է առաջանում,   որն արգելակում է նրա կենդանի շփումը մեծահասակների և իր տարեկիցների հետ՝ միաժամանակ զգալիորեն նեղացնելով նրա գործունեության շրջանակներն ու դերն ընտանիքում։ Համակարգիչը դուրս է մղում մանկական խմբային,  ավանդական աշխույժ խաղերը,  որոնք չափազանց անհրաժեշտ են անհատի ձևավորման համար։ Համակարգչային խաղերով տարվածությունը նպաստում է երեխայի մեջ բացասական հատկությունների զարգացման  բռնության նկատմամբ ու էժան խայծերին կուլ գնալու հակումներ,  անառողջ ազարտ,  բարոյական արժեքների համակարգի խախտում,  իրականում հորինվածը միմյանցից տարբերելու անկարողություն,  բոլորի վրա իշխելու ցանկություն և այլն։

Երեխայի  հոգեբանության  վրա  տեղեկատվական տեխնոլոգիաներն ունեն և՛ դրական,  և՛ բացասական ազդեցություն:  Դպրոցական և նույնիսկ նախադպրոցական բազմաթիվ երեխաներ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են համակարգչի առաջ,  ինչը բացասաբար է ազդում երեխայի աչքերի վրա:  Մի կողմից,  դրանք նպաստում են տեսողության և ոսկրամկանային խանգարումներին,  նստակյաց վարքագծի ձևավորմանը, քաղցրավենիքի և քաղցր գազավորված ըմպելիքների չարաշահմանը,  ագրեսիվ և ռիսկային վարքագծի դրսևորմանը,  բռնությանը: 

ՀԱՄԱՑԱՆՑԸ և ՇՓՈՒՄԸ

Համացանցում երկարատև վիրտուալ շփում ունեցող անձը կտրվում է իրականությունից և հետագայում կարող է խնդիրներ ունենալ իրական կյանքում մարդկանց հետ շփվելուց,  քիչ զգայուն է դառնում ագրեսիվության և բռնության նկատմամբ,  ընկալելով այն որպես սովորական երևույթ:  Այն, դպրոցակաները,  որոնք իրենց ազատ ժամանակն անց են կացնում հեռուստացույցի և համակարգչի մոտ,  ավելի հակված են ռիսկային վարքագծի դրսևորմանը,  նրանց մոտ հաճախ են գրանցվում սննդային վարքագծի խանգարումները և ճարպակալումը:

Համակարգչի հետ տևական շփումը նպաստում է կախվածության առաջացմանը,  անքնության,  դեպրեսիայի,  պատասխանատվության զգացումի կորստին:  Մեծահասակների պարագայում,  որոնք ունեն համակարգչային կախվածություն,  կարող է տուժել աշխատանքը,  նկատվել մասնագիտական հաջողությունների նվազում: Խաղերից կախվածություն ունեցող մարդկանց մոտ կարող է նկատվել տրամադրությա նանկում,  ցածր ինքնագնահատական,  սոցիալական անհանգստություն և այլն:

Կան համակարգչային կախվածության նշաններ,  որոնք կարող են հայտնե լհամակարգչային կախվածության մասին: Թեև իրականում չկա ֆիզիկական կախվածություն, բայց կան հոգեբանական և զգացմունքային խնդիրներ,  որոնք տեսանելի են դարձնում կախվածությունը:  Դրանք են.

  • համակարգչում առցանց գտնվելը,
  • համակարգիչը խաղալու համար օգտագործելը,
  • ժամանակը համակարգչի առաջ անցկացնելը՝ մոռանալով մի շարք պարտականությունների մասին,
  • առցանց առևտրով զբաղվելը,
  • ունենալ անհանգստացնող զգացողություն համակարգչի առաջ գտնվելիս:

Կախվածություն ունեցող մարդն իրեն անջատում է մյուսներից, անտեսում է իր անելիքներն ու պարտականությունները:

Բազմաթիվ հետազոտողներ առաջարկում են նշված խնդրի համար օգտագործել ճանաչողական-վարքային ուղղությունը, որը հնարավորություն է տալիս տեսնելու՝ ինչպես է կախվածություն ունեցող անձը մտածում: Օրինակ՝ հասկանալ նրա ճանաչողական խանգարումները և բացատրել,  որ դա խնդիր է,  միևնույն ժամանակ ազդել նրա վարքագծի վրա: Կարելի է անցկացնել անհատական թերապիա: Թերապևտը պետք է  մասնագիտացված լինի հատուկ տվյալ խնդրի լուծնամ թերապիայի խորհրդատվության մեջ: Բուժումը պետք է անհատական լինի:

Կարելի է իրականացնել ընտանեկան խորհրդատվություն՝ նաև հասկանալով, ինչքանով է ընտանիքը մտահոգված երեխայի՝ համակարգչային կախվածության խնդրով: Երեխաների համար պետք է սահմանափակել համակարգչի առաջ նստելու ժամանակահատվածը օրինակ՝ խուսափեք տեսահոլովակներից քանի դեռ երեխան տասնութ ամսական է։ Եթե որոշակի կանոններ և սահմանափակումներ գործեն նաև դպրոցահասակ երեխաների դեպքում, նրանք դրանից կշահեն:

Նյութի հեղինակ՝ մանկական հոգեբան Աստղիկ Արսենյան