Ե՞րբ և ինչու՞ դիմել ուլտրաձայնային հետազոտության

Nana Asaturyan-ուհձ

Ե՞րբ և ինչու՞ դիմել ուլտրաձայնային հետազոտության

Առանց ուլտրաձայնային հետազոտությունների հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից գինեկոլոգիան և մանկաբարձությունը:

Ե՞րբ և ինչու՞ դիմել ՈՒՀՁ հետազոտման հարցերին պատասխանում է «Աստղիկ» ԲԿ-ի բժշկուհի Նանա Ասատուրյանը:

Այն թույլ է տալիս բացահայտել կանացի հիվանդությունների մի ամբողջ շարք և վերարտադրողական համակարգի ֆունկցիայի խանգարումները։
ՈՒՁՀ  օգնությամբ գնահատվում է ձվարանների , արգանդի , միզապարկի վիճակը:
Ախտորոշման ընթացքում չափվում են արգանդի և ձվարանների չափերը , տրվում է եզրակացություն փոքր կոնքի օրգաններում պաթոլոգիական պրոցեսների առկայության մասին, ինչպես նաև հաստատվում է սեռական օրգաններում տեղի ունեցող պրոցեսների համապատասխանությունը դաշտանային ցիկլի փուլին։
ՈՒլտրաձայնային հետազոտության օգնությամբ հնարավոր է գնահատել ձվարանների , արգանդի և արգանդափողերի վիճակը ։
ՈՒՁՀ-ն հանդիսանում է ֆոլիկուլների աճի մոնիթորինգի, ձվաբջիջների հավաքման, հղիության վաղ ախտորոշման , արտարգանդային հղիության ախտորոշման անփոխարինելի մեթոդ։
ՈՒՁՀ-ն թույլ է տալիս հսկել հղիությունը՝ հետևելով հղիի վիճակին և պտղի զարգացմանը յուրաքանչյուր փուլում։



ՈՒՁՀ-ի համար դիմում են հետևյալ գանգատների դեպքում՝
•հղիության պլանավորման փուլում,
•հղիության ողջ ընթացքում,
•անպտղության դեպքում,
•ցավեր աջ կամ ձախ կողմից,
•ցավ որովայնի կամ մեջքի ստորին հատվածում,
•անկանոն դաշտան կամ դաշտանի բացակայություն,
•արտադրություն (արտասովոր գույնով,հոտով, զանգվածով), •քոր,ցավ կամ այրոց սեռական օրգանների շրջանում,
•արյունահոսություն ոչ դաշտանային օրերին,
•դաշտանադադարի նշաններ,
•ցավոտ միզարձակում,
•փքվածություն որովայնի ստորին հատվածում:

Պացիենտները պետք է դիմեն տարին մեկ անգամ՝ պրոֆիլակտիկ նպատակով։

Գրագետ մոտեցում է համարվում հղիության պլանավորման փուլում սոնոգրաֆիայի իրականացումը՝ հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար։Իսկ հղիության լուրն իմանալուն պես պետք է առանց ժամանակ կորցնելու կատարել սոնոգրաֆիա՝ պարզելու համար պտուղն արգանդի խոռոչում է զարգանում,թե ոչ։
Այնուհետև մեկ շաբաթ անց անհրաժեշտ է կրկնել հետազոտությունը՝ պտղի սրտի բաբախը լսելու և հղիությունը գրանցելու համար։ Հաշվառվելուց հետո հղին հանձնում է անհրաժեշտ հետազոտությունները և գանգատների բացակայության դեպքում հաջորդ սքրինինգն անցնում է առաջին եռամսյակի 12-13-րդ շաբաթականներում։ Կատարում ենք համակցված հետազոտություն՝ սքրինինգ և արյան գենետիկ անալիզ,երբ FMF ծրագրով կատարվում է հետազոտություն,որը 97% ճշգրտությամբ ներկայացնում է գենետիկ ռիսկերը։ Գենետիկ սկրինինգ պրենատալ ախտորոշումն իրենից ներկայացնում է հետազոտությունների մի համալիր, որը թույլ է տալիս գնահատել դեռևս չծնված պտղի առողջությունը և ախտաբանական վիճակները (զարգացման արատներ, քրոմոսոմային և գենային անոմալիաներ): Բնածին անոմալիաները պերինատալ մահացության կառուցվածքում կազմում են 20-25%, և վերջիններիս ախտորոշումը հղիության վաղ փուլերում թույլ է տալիս՝
•որոշել հղիությունը շարունակելու նպատակահարմարությունը,
•հղիությունը ընդհատել հնարավորինս վաղ ժամկետներում,
•կյանքի հետ համատեղելի արատների դեպքում նախապես մշակել նորածնի վարման պլանը ծննդալուծումից հետո:

Պտղի զարգացման անոմալիաների առումով բարձր ռիսկի մեջ մտնում են հետևյալ խմբերը՝
•մոր տարիքը 35-ից բարձր,
•ընտանիքում զարգացման արատ կամ գենետիկական դեֆեկտ ունեցող երեխայի ծնունդ նախկինում,
•ծնողներից որևիցե մեկի ընտանեկան անամնեզում ժառանգաբար փոխանցվող հիվանդություն,
•հղին ենթարկվել է արատածին ազդեցություն ունեցող դեղորայքի, •ֆիզիկական գործոնի
•ինֆեկցիոն գործոնի ազդեցության,
•հղին տառապում է առաջին տիպի շաքարային դիաբետով,
•էպիլեպսիայով և այլն:

Հաջորդը կատարվում է 20-րդ շաբաթականի սքրինինգը, որը համարվում է օրգանոգենեզ։ Կատարվում է նևրոսոնոգրաֆիա և էխոկարդիոգրաֆիա,որոնց արդյունքում մանրակրկիտ ուսումնասիրվում է գլխուղեղը,սիրտը և բոլոր օրգան-համակարգերը… հղիության այս ժամկետը համարվում է օրգան-համակարգերի զարգացվածության վերջին փուլ, և հիմնական արատներն արդեն հնարավոր է հայտնաբերել այս ժամկետում։ Հաջորդը դոպլեր հետազոտությունն է,որը գերձայնային հետազոտության մի տեսակ է, և թույլ է տալիս գնահատել արյունատար խոշոր անոթներով արյան հոսքը:Եթե չկան հետազոտությունը ավելի վաղ կատարելու ցուցումներ,ապա կատարվում է 26-28-րդ շաբաթականներում։ Երրորդ եռամսյակի սքրինինգը կատարվում է 31-34-րդ շաբաթականներում։ Ավելի շատ շեշտը դրվում է պլանցետայի,պտղաջրերի,պտղի քաշի ու դիրքի,ինչպես նաև պորտալարի փաթաթվածության ուսումնասիրման վրա։Եթե նկատվում են կեսարյան-հատման ցուցումներ,ապա կատարվում է սպիի չափում,պլանավորվում է կեսարյան-հատման օրը։ Հաջորդ սքրինինգը կատարվում է ծննդաբերության օրվան մոտ օրերի ընթացքում, ուղղորդում է գինեկոլոգը։