Բուժել, թե՞ չբուժել երեխայի կաթնատամը

բուժել կաթնատամը

Բուժել, թե՞ չբուժել երեխայի կաթնատամը

Շատ հաճախ մայրիկների կողմից հնչեցվում է հետևյալ հարցը՝ բայց արժե՞ բուժել կաթնատամները, միևնույն է դրանք փոխարինվելու են մշտական ատամներով։

Կաթնատամները ոչ միայն կարելի է , այլև պարտադիր է բուժել, քանի որ դրանք շատ մեծ դեր են խաղում երեխայի ծնոտների լիարժեք զարգացման մեջ։ Նույնիսկ փոքր կարիեսը կարող է պատճառ հանդիսանալ լուրջ թերապևտիկ բարդությունների,որոնց պատճառով կարող են առաջանալ մի շարք խնդիրներ՝


🔻Բորբոքային պրոցեսի անցում կաթնատամից մշտական ատամի սաղմին ( այս դեպքում մշտական ատամը ծկթի արդեն իսկ փչացած),
🔻Մշտական ատամի ռետենցիա (վաղաժամ հեռացված կաթնատամի տեղը շատ արագ փակվում է, և նրան հաջորդող մշտական ատամը, բավարար տեղ չունենալով, չի կարողանում ծկթել և մնում է ծնոտի ոսկրում),
🔻Ռոտացիա(երբ մշտական ատամը ծկթում է իր առանցքի շուրջը պտտված դիրքով),
🔻Ծնոտների անկանոն զարգացում և դեֆորմացիա,
🔻Ատամնաշարերի ծռում,
🔻Կծվածքի խախտում,
🔻Մարսողական խնդիրներ(երբ կան բացակա ատամներ, երեխան չի կարողանում նորմալ ծամել)։ Վերը նշված խնդիրներն արդեն հնարավոր է լինում շտկել միայն բարդ և թանկարժեք օրթոդոնտիկ բուժման օգնությամբ։ Այդ պատճառով պետք է կաթնատամը պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ այն չի փոխարինվել իրեն հաջորդող մշտական ատամով, իսկ կաթնատամները սկսում են մշտականներով փոխարինվել նորմայում 6-12տ հասակում։ Սակայն եթե կաթնատամը բուժելու կամ պլոմբելու հնարավորություն չկա, ցուցված է հեռացման հետևյալ դեպքերում.
🔺Երբ կա բորբոքային պրոցես,որի բուժումն անարդյունավետ է ,
🔺Երբ մշտական ատամի ծկթման ժամանակն է,բայց կաթնատամի արմատները դեռևս ներծծված չեն,
🔺Երբ կաթնատամը շատ է շարժվում և խանգարում է երեխային,
🔺Կաթնատամների տրավմաների դեպքում։ Հեռացված կաթնատամի տեղը պահվում է փոքրիկ տեղապահպանիչների օգնությամբ՝մինչև մշտական ատամի ծկթումը։

Նյութի հեղինակ՝ «MaryClinic»-ի մանկական ստոմատոլոգ Հայկուհի Մանուկյան: