Հուզական այրումը դեռահասության շրջանում
Յուրաքանչյուր ոք, կյանքում հաճախ բախվելով տարբեր դժվարությունների, հաղթահարելով նոր փորձություններ, ստիպված է լինում նորովի իմաստավորել կյանքը, ձևավորել նոր արժեհամակարգ։ Այդ ճանապարհին հաճախ անխուսափելի են անկանխատեսելի ,սթրեսային իրավիճակները, որոնք դժվարություն են առաջացնում հարցերին կառուցողական լուծում տալուն, իսկ որոշումներ կայացնելու արդյունավետությունը դառնում է ռիսկային:
Այդպիսի պահերին անգամ սիրելի զբաղմունքն է անհետաքրքիր դառնում, իսկ շփումը մտերիմների հետ կարող է փոխակերպվել վեճերի և չհասկացված իրավիճակների,որոնք, ինչպես մասնագետներն են նշում, կարող են հանգեցնել հուզական այրման:
Հարց է առաջանում՝ ի՞նչ է հուզական այրումը, ինչպիսի՞ դրսևորումներ է ունենում այն դեռահասության շրջանում:
Հուզական այրումը 1970-ականներին բնորոշել է Ֆրեյդենբերգը, այնուհետև բազմաթիվ մասնագետների և հոգեբանության տարբեր ճյուղերի ուշադրության կենտրոնում է եղել: Ըստ Լեյտերի և այլոց հետազոտությունների՝ հուզական այրումը բացասական հոգեվիճակի՝ ֆիզիկական, վարքային, հուզական և իմացական համակարգի ֆունկցիոնալ փոփոխությունն է, առաջանում է մշտական սթրեսների պատճառով,երկարատև հուզական իրավիճակների ազդեցությամբ: Դեռահասության շրջանում կարող է նկատվել, երբ չափազանց մեծ պահանջներ են դրվում դեռահասի առջև : Այն անդրադառնում է ինչպես ուսումնական գործընթացի արդյունավետության վրա՝ առաջադիմության հետ կապված և կարգապահական հարցերում, այնպես էլ միջանձնային շփումներում՝ հանգեցնելով շրջապատողների կողմից չհասկացված լինելու և սեփական կարծիքն անտեսելու զգացողության։ Նվազում է մոտիվացիան, փոխվում են ինքնագնահատականը,վարքը` ուղեկցվելով այլևայլ դժվարություններով։ Իմացական ոլորտի,ինտելեկտուալ և մտավոր ցուցանիշների փոփոխությեւնները, մասնագիտական կողմնորոշման դժվարություններնները նույնպես դրանով են պայմանավորված։
Ինչպիսի՞ դրսևորումներով է ուղեկցվում հուզական այրումը դեռասության շրջանում
- Մշտական հոգնածության զգացում, էներգիայի կորուստ, երբ ուժերն սպառված են անգամ հանգստից հետո: Այն կարող է ընտանիքի անդամների, հասակակիցների, ընկերների կամ ուսուցիչների հետ վեճերի և չհասկացվածության պատճառ դառնալ, որը կարող է հանգեցնել հուզական կապերի խզմանը, անինքնավստահությանը՝ առաջացնելով շրջապատից օտարվածության զգացում:
- Մկանային լարվածություն, գլխացավեր, սրտխառնոց, ցավ կրքավանդակի, կոկորդի և ողնաշարի շրջանում:
- Քնի և սննդի ռեժիմի փոփոխություն՝ քնկոտություն կամ հակառակը՝ անքնություն, ախորժակի անկում կամ հակառակը:
- Ինքնաբուժման նպատակով ալկոհոլի, ծխախոտի կամ թմրանյութերի օգտագործում, որն ավելի է դժվարացնում իրավիճակից ելքը:
- Կենտրոնանալու և առաջադրված խնդիրներն ու հանձնարարությունները լուծելու դժվարություններ, ուշադրության կենտրոնացման դժվարություններ, թուլություն, ցրվածություն:
- ՈՒսումնական գործընթացի ընթացքում առաջադիմության և կյանքի տարբեր բնագավառներում արդյունավետության նվազում:
- Հուզական վիճակի փոփոխություն՝ բարձր տագնապայնություն, նյարդայնություն, դյուրագրգռություն, գերակտիվություն, ընկճված տրամադրություն, ապատիա, զայրույթ, հուսահատություն:
- Բացասական վերաբերմունք իր անձի նկատմամբ, ինքնագնահատականը ցածր է, նկատվում է կյանքի նկատմամբ հոռետեսական վերաբերմունք: Երբեմն դրանք առաջանում են մարդու այն զգացողությունների արդյունքում, որ նա ի վիճակի չէ բավարարել ներկայացվող պահանջները:
Ո՞ր գործոններն են անդրադառնում դեռահասների մոտ հուզական այրման առաջացմանը
- Դեռահասի առջև դրվող չափազանց մեծ պահանջները տարրաբնույթ հանձնարարությունների ,առաջադրանքների, պարտականությունների կատարման, անելիքների, շրջապատողների սպասելիքներն արդարացնելու հետ կապված:
- Ծնողների կամ դեռահասների՝ իրենց կողմից բարձր առաջադիմության, ուսումնական գործընթացի ընթացքում բարձր արդյունավետություն դրսևորելու պերֆեկցիոնիստական դիրքորոշումը :
- ՈՒսումնական գործընթացից զատ արտադպրոցական գործունեությամբ գերծանրաբեռնվածությունը :
- Ապագայի հետ կապված հեռանկարների անորոշությունը:
- Չափազանց մեծ ճնշումը` խիստ կարգապահական կանոնների հետ կապված մշտապես պատժելիության մթնոլորտում:
- Ընտանեկան դժվար կացությունը և ներընտանեկան վեճերը, ֆինանսական խնդիրները:
- Ոչ բավականաչափ խրախուսանքը հուզական առումով , շրջապատողների կողմից իր անձի նկատմամբ կարևորության պակասի, սեփական կարծիքն ու տեսակետն անտեսելու զգացումը:
- Մշտական քննադատական մոտեցումն իր անձի, գաղափարական հայացքների համոզմունքների, տեսակետների ու մոտեցումների շուրջ:
- Անընդհատ նախատինքը, պատժամիջոց կիրառելը չկատարվածի համար:
- Ընկերների, հասակակիցների և դասընկերների հետ փոխհարաբերությունների, փոխգործունեության փոփոխություն:
- Հուզական վիճակները կառավարելու դժվարություն, հուզական անկայունություն:
- Ոչ ռացիոնալ մրցակցություն հասակակիցների հետ:
- Հարց է առաջանում՝ ինչպիսի՞ լուծում տալ իրավիճակին, ինչպես վերականգնել ուժերը, ձևավորել կառուցողական հարաբերություններ շրջապատողների հետ:
- Այս իրավիճակում կարևոր է ոչ թե թաքցնել հույզերը, այլ քնննարկել մտերիմների հետ, ովքեր պատրաստ են աջակցել և ապրումակցել:
- ՈՒժերը վերականգնելու նպատակով կարելի է ժամանակավորապես սահմանափակել պարտականությունները, նվազեցնել ծանրաբեռնվածությունը:
- Դիմել հարազատների կամ ընկերների օգնությանը.ընտանիքի, մտերմների և ընկերների աջակցությունը նպաստում է արագորեն վերականգնելու ուժերը, զգալու էներգիայով լի:
- Ժամանակ տրամադրել ինքնախնամքին, զբաղվել հաճելի գործով, ժամանակավոր մոռանալ անավարտ գործերի մասին:
- Կանոնակարգել գրաֆիկը՝ դասակարգելով անելիքներն ըստ առաջնայնության՝ավելի արդյունավետ կազմակերպելով և կառավարելով ժամանակը:
- Տալ դադար ՝ազատվելով առօրյա հոգսերից: Գտնել հոգեհարազատ զբաղմունք,որը կնպաստի բարձրացնելու տրամադրությունն անգամ տխուր պահերին:
- Վերլուծելով բացթողումները, թերացումները՝ ընդունել դրանք որպես նոր հնարավորություն նպատակների իրականացման, նորանոր ձեռքբերումների, հաջողությունների ճանապարհին:
Ի՞նչը կարող է օգտակար լինել հուզական այրումից խուսափելու համար
- Կանոնավոր հանգիստը,աշխատանքին, ուսումնական առաջադրանքներին և հանգստին տրամադրվող ժամանակի կանոնակարգված գրաֆիկը:
- Լիարժեք քունը, սննդի կանոնակարգված ռեժիմը, ֆիզիկական ակտիվության համապատասխան ձևը՝ հոգ տանելով առողջական վիճակի մասին:
- Կազմակերպվածությունը՝ պլանավորելով օրը, առանձին ժամանակ տրամադրելով ցանկացած նախատեսված հանձնարարության:
- Հուզական չշփումը: Վերլուծելով ունեցած զգացողությունները՝ կարևոր է կիսվել զգացողություններով մտերիմների հետ՝ առանց ամաչելու բացասական հույզերն արտահայտելուց:
- Նախասիրությունները և հետաքրքրությունները: Մշտապես ինքնակատարելագործվել՝ ժամանակ գտնելով զբաղվելու հաճելի և ուրախություն բերող գործով:
- Շրջապատողների,մտերիմների և ընտանիքի անդամների կողմից աջակցությունը և խրախուսանքը՝ նպաստելով դեռահասի ինքնաիրացմանը, ինքնավստահությանը, սեփական ուժերի հանդեպ հավատի ձևավորմանն ու ամրապնդմանը:
- Իրավիճակով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում նպատակաուղղվածության, ինքնակարգավորման հմտությունների, հուզական ինտելեկտի զարգացմանը նպաստող, հուզական կայունության, իր և այլոց հույզերը կառավարելու հմտությունների, հուզական կայունության,սթրեսակայունության,արժեհամակարգի, ձևավորմանը նպաստող, հարմարվողականության բարձր ցուցանիշների դրսևորման հմտությունների, սոցիալականացման հմտությունների, ուսումնական գործընթացի ընթացքում, սոցիումում, արդյունավետության բարձրացմանը, արդյունավետ վարք դրսևորելուն նպաստող, տարբեր իրավիճակներում որոշումներ կայացնելու հմտությունների, ձևավորմանն ուղղված հմտությունների և կարողությունների ուսուցանումը և գործնականում համապատասխան հմտությունների և կարողություննների կիրառությունը:
Նյութի հեղինակ՝ Ժենյա Վարդանյան, հոգեբան, Եվրոպական քուչինգի ֆեդերացիայի քոուչ, թրեյներ: