Մայրական ծեծ

Մայրական ծեծ

Ծեծը, թերեւս, բոլոր պատժամիջոցներից ամենատարածվածն է եւ իրականում ամենաանցանկալին: Եթե մյուս պատժամիջոցները կարելի է կիրառել դաստիարակության երկարատև եւ դժվարին գործընթացի ընթացքում, ապա ծեծը միանշանակ ոչ մի դրական ներդրում չի կարող ունենալ եւ ոչ մի պարագայում: Իրականում ծեծը երեխային հանդարտեցնելու եւ անցանկալի գործողության վերջը դնելու ամենահեշտ մեթոդն է: Ոչ առանձնապես համբերատարություն է այն պահանջում, ոչ էլ մեծ ճիգեր:

Բավական է ձեռքը Ձեր մարմնի տրամագծից մի փոքր վեր բարձրացնեք, մի փոքր տարուբերեք և պատրաստ է, կարող եք ցած իջեցնել դեպի երեխայի մարմնի ամենատարբեր մասերը, ընդհուպ մինչև գլուխը: Այն գլուխը, որի օգնությամբ Ձեր երեխան վաղը մյուս օրը դպրոցում դժվար խնդիրներ պետք է լուծի, տարբեր լեզուներ սովորի: Այն գլուխը, որով անշուշտ հպարտանալու եք, եթե լավ արդյունքներ ցուցաբերի եւ զարմանալու եք, եթե մյուս երեխաների գլուխներից ավելի դանդաղ աշխատի: Ամեն անգամ, երբ ապտակում եք երեխային`թեկուզ տուտուզիկին, Դուք երեխայի մեջ կոտրում եք ինքնուրույն գործելու ցանկությունը, ոգևորությունը, հաջողության հասնելու ցանկությունն ու ինքնավստահությունը:
Ինչպե՞ս զսպել ինքներդ Ձեզ եւ չծեծել երեխային այն պարագայում, երբ նա իսկապես իրեն շատ վատ է պահել, կամ շատ վնասակար արարք է գործել: Ծեծը լեզու չէ, այն չունի բառեր, այն չի բացատրում, չի բերում օրինակներ, այն միայն անարգանք է, մարմնի ցավ: Այդ ամենը զգալով միայն երեխան չի կարող հասկանալ իր սխալը: Նա կհասկանա, անշուշտ, որ ինչ-որ վատ բան է արել, բայց չի կարողանա ճիշտ վերլուծել եւ հետևություններ կատարել: Այդ պահին կարող եք խիստ խոսել երեխայի հետ, կանխել արարքը, ապա անմիջապես կարող եք դուրս գալ սենյակից` թողնելով երեխային մենակ: Երբ մայրը դուրս է գալիս այդ իրավի-ճակից, մեկ երկու րոպե անց բարկությունն անցնում է, սիրտը փափկում է, եւ նա հիշում է, որ իր առաջ իր սիրելի բալիկն է: Ահա այդ ժամանակ էլ կարող է վերադառնալ եւ հանգիստ տոնով խոսել երեխայի հետ նրա արաքի մասին, բացատրել, օրինակներ բերել: Երբեմն կարող է մի փոքր ձայնը բարձրացնել, ոչ թե գոռալ, այլ մի փոքր շեշտել ասածները`ավելի տպավորիչ լինելու համար: Միայն այդ դեպքում երեխան լիովին կգիտակցի իր սխալը եւ հավա-նաբար այն այլեւս չի կրկնի:
Հեղինակ՝ Զառա Նալչաջյան: