Մեզանում, եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ շատուշատ երկրներում, այդ թվում՝ զարգացած «եվրոպաներում», հասարակության շրջանում տարածված կարծիք կա՝ որքան շուտ սկսել օտար լեզվի (ՕԼ) ուսուցումը, այնքան լավ: Արդյոք այս տեսակետը համապատասխանո՞ւմ է իրականությանը (եւ եթե այո, ապա որքանո՞վ, եթե ոչ՝ ապա ե՞րբ է ավելի արդյունավետ), որո՞նք են երեխաներին արդյունավետ սովորեցնելու սկզբունքները: Այս հարցերի պատասխանը կհետաքրքրի ոչ միայն ծնողներին, այլեւ ուսուցիչներին, հոգեբաններին, լեզվաբաններին, քաղաքական գործիչներին եւ այլն:
Ուսուցումը սկսեք դպրոցական տարիքում
Ո՞ր տարիքից երեխային սովորեցնել մայրենիից բացի այլ լեզու: Այս հարցին շատ դժվար է միանշանակ պատասխան տալը, քանի որ գիտական աշխարհում կարծիքները բաժանվում են երկու մասի՝ մի մասը պնդում է, որքան շուտ, այնքան լավ, իսկ մյուս մասը կարծում է, որ ավելի մեծ տարիքում՝ 11-13 տարեկանում, երկրորդ լեզու սովորածները, եթե ոչ ավելի շատ առավելություն ունեն, ապա ոչնչով չեն զիջում իրենցից փոքրերին: Շուտ սկսելուն կողմ արտահայտվողները հիմնականում տեսաբաններն են, իսկ դեմ արտահայտվողները՝ հետազոտողները:
Լեզու սովորելը բավական բարդ գործընթաց է, եւ այն ներառում է ոչ միայն տվյալ լեզվով սեփական մտքերը հասկանալի դարձնելը (ինչը շատ հաճախ կարող է թվալ, որ երեխաների մոտ լավ է ստացվում), այլ նաեւ քերականական, շարահյուսական, ուղղագրական, կառուցվածքային, ֆոնետիկ եւ բազում այլ տարրեր: Որպեսզի պնդենք, որ օրինակ՝ 3 տարեկանից մանկապարտեզում կամ քոլեջում անգլերեն լեզու անցած երեխան 21 տարեկանում ավելի լավ անգլերեն խոսել կիմանա, քան նա, ով սկսել է 7 տարեկանից, պետք է համեմատենք լեզվի բոլոր ֆունկցիոնալ բաղադրիչները, հակառակ դեպքում՝ մեր պնդումը կլինի սխալ եւ անհիմն: