Երևանի «Ժպիտներ» մանկապարտեզը (նախկինում Լենինյան շրջանի թիվ 7 մսուր-մանկապարտեզ, ավելի ուշ՝ 126 մանկապարտեզ) հիմնադրվել է 1974թ. նոյեմբերի 18-ին: Այն նախատեսված է եղել շուրջ 300 երեխաների համար։ Մանկապարտեզի առաջին տնօրենն է եղել Լաուրա Սահակյանը։
Մանկապարտեզին կից կառուցվել է լողավազան, որտեղ երեխաները կարող էին լողալ թե՛ ամռանը, թե՛ ձմռանը, ձմեռային այգի, ննջարաններ, խաղասենյակներ՝ երեխաների առօրյան բարեկեցիկ կազմակերպելու համար։
Մանկավարժական անձնակազմը վերապատրաստվել է «Քայլ առ քայլ» ծրագրով, մասնակցել տարբեր սեմինարների, դասընթացների։
Մանկապարտեզում խրախուսվում է ստեղծագործական մտքի ազատությունը, ինչը նպաստում է դաստիարակչական արդյունավետությանը։ Ծնողների ցանկությամբ երախաները սովորում են նաև օտար լեզուներ՝ անգլերեն և ռուսերեն:
Մանկապարտեզի տնօրենը՝ Լենա Լևոնյանը, բարեխիղճ գործունեության համար պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով, «Գարեգին Նժդեհի» հուշամեդալով, իսկ 2010թ.՝ վարչապետի կողմից շնորհակալագրով։
Մանկապարտեզը 2010թ.-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո է:
Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 21-ին գումարված հերթական նիստում որոշում կայացվեց թիվ 126 մանկապարտեզն անվանափոխել «Ժպիտներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության։
Մանկապարտեզը 2016 թվականին հիմնանորոգվել է, որի արդյունքում խմբասենյակները, խոհանոցն ու դահլիճները համալրվել են անհրաժեշտ ու նորացված գույքով։ Վերաբացվել է նաև մանկապարտեզի ձմեռային այգին։