Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

autism

Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

2007 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստին` Քաթարի պետության առաջարկով, որոշում ընդունվեց Աուտիզմի իրազեկման օրը նշելու մասին: Այսպիսով, 2008-ից ապրիլի 2-ը նշվում է որպես Աուտիզմի իրազեկման միջազգային օր:
Աուտիզմը կամ աուտիստիկ սպեկտորի խանգարումը բնութագրվում են սոցիալական հմտությունների, կրկնվող վարքագծի, խոսքի և հաղորդակցման հետ կապված առանձնահատկություններով:
ԱՍԽ հաճախ ուղեկցվում է զգայական և բժշկական խնդիրներով, ինչպիսիք են ստամոքս-աղիքային խանգարումները, քնի խանգարումները, ինչպես նաև հոգեկան առողջության խանգարումները, անհանգստությունը, ընկճվածությունը և ուշադրության կենտրոնացման խնդիրներ:
ԱՍԽ վաղ ախտանիշները սովորաբար հայտնվում են 2-3 տարեկանում: Զարգացման առանձնահատկությունները կարող են ի հայտ գալ նույնիսկ ավելի վաղ, և հաճախ հնարավոր է ախտորոշել դեռևս 18 ամսականում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վաղ միջամտությունը աուտիզմի պարագայում հետագայում հանգեցնում է դրական արդյունքների:


* 2013 թ.-ին Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան աուտիզմի չորս տարբեր ախտորոշում միավորեց մեկ ախտորոշման մեջ ՝ «աուտիստիկ սպեկտորի խանգարում»:
Այսինքն այլևս որպես ախտորոշման տեսակ գոյություն չունեն «աուտիզմ», «վաղ մանկական աուտիզմ», «զարգացման պերվազիվ խանգարում» և «Ասպերգերի համախտանիշ»: Այժմ այս ամենը կոչվում է աուտիստիկ սպեկտորի խանգարում:

Հիմնական փաստեր
• Ըստ ԱՀԿ տվյալների աշխարհում 160 երեխաներից 1-ն ունի աուտիզմ ախտորոշում:
• Աուտիզմ ավելի հաճախ ախտորոշվում է տղաների մոտ՝ 1:4 հարաբերակցությամբ, ինչն էլ բացատրում է ախտորոշման համար ընտրած պայմանական կապույտ գույնը:
• Աուտիզմի սպեկտորի խանգարումները ի հայտ են գալիս վաղ մանկական տաիքում ու սովորաբար պահպանվում են որպես ախտորոշում դեռահասության և հասուն տարիքում:
• ԱՍԽ ունեցող մարկանց մի մասն ունակ է ինքնուրույն կյանք վարել որոշակի աջակցությամբ, մյուսներն ունեն ծանր հաշմանդամություն և ունեն խնամքի և աջակցության կարիք:
• Շարունակական թերապևտիկ աջակցությունը, ինչպիսին է օրինակ վարքային թերապիան, կարող են նվազեցնել սոցիալական հաղորդակցման և վարքի դժվարությունները և դրական ազդեցություն ունենալ ԱՍԽ ունեցող մարդու կյանքի որակի վրա:
• ԱՍԽ ունեցող մարդկանց աջակցության միջոցառումները պետք է ուղեկցվեն ավելի լայն գործունեությամբ `ֆիզիկական և սոցիալական միջավայրն ու հարաբերությունները առավել մատչելի, ներառական և աջակցող դարձնելու համար:
• Ամբողջ աշխարհում ԱՍԽ ունեցող մարդիկ հաճախ բախվում են խտրականության և մարդու իրավունքների ոտնահարման, և նրանց անհրաժեշտ որոշ ծառայություններ մատչելի չեն:
Դատելով վերջին 50 տարվա ընթացքում կատարված ուսումնասիրություններից ՝ աուտիստիկ սպեկտորի խանգարումների տարածվածությունն ակնհայտորեն աճում է ամբողջ աշխարհում: Այս ակնհայտ աճի համար կան շատ հնարավոր բացատրություններ, ներառյալ տեղեկացվածության բարձրացումը, ախտորոշման ընդլայնված չափանիշները և ախտորոշման արդյունավետ գործիքները:

Ըստ առկա գիտական տվյալների, հավանաբար կան բազմաթիվ գործոններ, որոնք մեծացնում են ԱՍԽ հավանականությունը: Աուտիզմի առաջացման պատճառը գենետիկական և էկոլոգիական գործոնների համադրությունն է։ Ռիսկի գործոնների շարքում են հղիության ընթացքում ինֆեկցիոն հիվանդությունների առկայությունը, ինչպես նաև հղիության ընթացքում վնասակար նյութերի օգտագործումը:
ԱՍԽ ունեցող մարդիկ կարիք ունեն մատչելի բժշկական ծառայությունների, իրենց ընդհանուր բժշկական կարիքները բավարարելու համար: Նրանք ավելի խոցելի են արտակարգ իրավիճակների ժամանակ: Այս հարցում խոչընդոտ է հանդիսանում բուժաշխատողների գիտելիքների պակասը և սխալ պատկերացումները ԱՍԽ վերաբերյալ:

ԱՍԽ ժամանակ մարդու վիճակի որոշ գնահատումներ կատարվում են մասնագետների թիմի կողմից, մյուսները `մեկ մասնագետի կողմից: Ընդհանուր առմամբ, զարգացման մանկաբույժը , հոգեբույժը համարվում են ախտորոշող մասնագետների առաջին օղակը, որոնց հետ գնահատմանը մասնակցում է նաև վարքային թերապիստը: Գնահատումը պետք է կատարվի մասնագետի և Ձեր երեխայի անմիջական փոխներգործությամբ:
Որպես ծնող ՝ ձեզ հարցեր են տրվելու ձեր երեխայի վարքի և զարգացման վերաբերյալ: Բացի այդ, դուք հավանաբար կլրացնեք մեկ կամ մի քանի «հարցաթերթեր»:
Պարզապես հիշեք, որ այս տեղեկատվությունը օգնում է մասնագետին կատարել առավել ճշգրիտ և արդյունավետ ախտորոշում:
Քանի որ ամեն դեպքում աշխարհում ԱՍԽ գնահատման և ախտորոշման միասնական չափորոշիչներ գոյություն չունեն, աուտիստիկ սպոկտորի խանգարումներ ունեցող մարդկանց իրական քանակի մասին բարդ է հավաստի տվյալներ տրամադրել : Այնուամենայնիվ, համաձայն https://worldpopulationreview.com կայքի այսօր կա հետևյալ պատկերը՝
• Ճապոնիա: 1 : 55
• Իռլանդիա: 1 : 65
• Շվեցարիա: 1 : 69
• Կանադա: 1 : 94
• Դանիա: 1 : 145
• Սինգապուր: 1 : 149
• Բելգիա: 1 : 167
• Էստոնիա: 1 : 167
• Ֆինլանդիա: 1 : 185
• Նորվեգիա: 1 : 196
Ցավոք, Հայստանի Հանրապետությունում նման ախտորոշում ունեցող մարդկանց քանակի վերաբերյալ ճգրիտ ինֆորմացիա չկա:



Աղբյուրը՝  Քայլ առաջ» Սոցիալական ՀԿ