Արժե՞ երեխային վճարել հաջողությունների համար

կաշառել-երեխաներին-մոտիվացիա

Արժե՞ երեխային վճարել հաջողությունների համար

Ծնողները հաճախ են այս և նման հարցեր բարձրացնում։ Հարցը կարող է տարբեր ձևերով հնչել, սակայն էությունը նույնն է։
Պետք է արդյո՞ք, կամ օգտակա՞ր է երեխային մոտիվացնել, մղել ինչ-որ բան անելու կամ հաջողության հասնելու համար նրան գումար կամ փոխհատուցում խոստանալ։
Եկեք մտորենք այդ մասին։
Կան ծնողներ, ովքեր համոզմունք ունեն, որ բիզնեսի դարում հնարավորինս վաղ տարիքից անհրաժեշտ է երեխային նախապատրաստել բիզնես մտածողությանը նրան տալով հնարավորություն զգալու, որ ինքը կարող է փոխշահավետ գործարքների մեջ մտնել նախ ծնողների հետ, ապա նաև դրսի աշխարհում։ Այս նպատակով երեխաներին առաջարկվում է տանը ինչ-որ պարտականություններ կատարելու, կամ իր կյանքում ինչ-որ բարձրունքների, հաջողությունների հասնելու համար ինչ-որ շահ ունենալ, կլինի նյութական կամ այլ տեսակի արժեքների տեսքով։ Պատահում է, որ երեխան տանը հատակն է մաքրում, կամ փոքր եղբորն է խնամում, կամ այլ պարտականություն է կատարում և դրա դիմաց ծնողը գումար է տալիս երեխային։


Այս հարցին շատ փաստարկված պատասխան է տալիս ռուս հայտնի ժամանակակից հոգեբան, բիզնես քոչ Մարինա Մելիյան իր «Հանգիստ թողեք երեխային» գրքում։
Նրա խորին համոզմամբ չարժե։
Ինչու՞ և ի՞նչ վտանգներ կան դրա մեջ։
Քանզի ընտանիքը շուկայական հարաբերություն չէ, ուր վճարում են մատուցած ծառայությունների համար։ Այստեղ կարող են միայն լինել ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ հիմնված սիրո, բարության, հոգատարության, ջերմության վրա։ Երեխաները պետք է զգան, որ ընտանիքը թիմ է, ուր բոլորը օգնում են իրար։ Պետք է շատ ուշադիր լինել, որ երեխան ընտանիքում միջանձնային հարաբերությունները չընկալի որպես ապրանքա-դրամային։
Մելիյան պնդում է նաև, որ չի կարելի վճարել երեխային ո՛չ ուսման, ո՛չ տնային պարտականությունների, ո՛չ էլ այլ ասպարեզներում հաջողությունների հասնելու համար։
Հաջողությունն ինքը և նրա առաջացրած դրական զգացողությունները արդեն վարձատրություն են մարդու համար։ Երեխան պետք է հաճույք ստանա ցանկացած գործի պրոցեսից և զարգացնի իր ներքին մոտիվացիան։
Գոյություն ունի ներքին և արտաքին մոտիվացիա մարդու համար։ Արտաքինը՝ երբ մարդը անում է ինչ-որ բան, քանի որ դա անհրաժեշտություն է, որից նա ինչ-որ կոնկրետ վարձատրություն է ստանում, կամ պարզապես ստիպված է ինչ-որ պատճառով։ Ներքին մոտիվացիան՝ երբ մարդը անում է, որովհետև ցանկանում է, հաճույք է ստանում և քանի որ իրեն դա հետաքրքիր է։ Ներքին մոտիվացիան ամենահզոր խթանն է մարդու համար։ Այն դեպքում, երբ վարձատրություն ենք առաջարկում երեխային մենք նրա ներքին մոտիվացիան վերափոխում ենք արտաքինի։ Նա այլևս ցանկացած հաջողության համար ակնկալում է վարձատրություն, առանց դրա հաջողությունն իմաստը կորցնում է։
Մելիյան համոզված է, որ երեխան գումար պետք է ստանա ծնողներից միայն նրա համար, որ նա ընտանիքի անդամ է։ Եվ քանի որ նա պատկանում է այդ համակարգին իրեն հասնում է գումար գրպանի ծախսերի համար։
Ամեն ընտանիք ինքն է որոշում ի՞նչ գումար հատկացնի այդ նպատակով և որքան ժամանակի համար։ Գումարը սեփական ծախսերի համար է նախատեսված, այլ ոչ ինչ-որ ձեռքբերումների։
Ընդ որում, եթե երեխան նախատեսված ժամանակից շուտ է ծախսում գումարը այն ավելացնել չի կարելի, որպեսզի երեխան սովորի թե ինչպե՞ս պետք է ծախսել կամ տնտեսել այն, որպեսզի իրականացնի ցանկությունները։
Մի կողմից էլ երեխան չպետք է զրկված զգա փողի տեսակետից, սակայն մյուս կողմից՝ փողը պետք է միշտ մի փոքր քիչ լինի ցանկացածից, որպեսզի նա սովորի հաշվարկել իր ծախսերը։ Եթե ծնողին դուր չի գալիս թե ինչպե՞ս է երեխան ծախսում դրամը, դա չի նշանակում, որ պետք է նրան զրկել գումարից, դա նշանակում է, որ երեխան չի սովորել ընտանիքում եղած կանոնները։
Եթե երեխան համեմատություն է անում ընկերների հետ և պահանջում իրեն ավելի վճարել քան որոշված ֆիքս գումարը, բավարար է նրան հանգիստ, բայց հաստատակամ տոնով ասել․ «իսկ մեր ընտանիքում այսպես է» ու վերջ։
Հեղինակ՝ Լյուսի Կորեկյան (հոգեբան):