Օնլայն դպրոց՝ լսողության խնդիրներով երեխայի ծնողների համար

cnoghakan-dproc-havat

Օնլայն դպրոց՝ լսողության խնդիրներով երեխայի ծնողների համար

Մարտի 14-ին լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է «Ծնողական օնլայն դպրոց» ծրագիրը։ Ծրագիրն իրականացնելու համար ՀԿ-ն ֆինանսավորում ստացել է դիմելով Եվրոպական միության «ՔՀԿամուրջ» ծրագրի դրամաշնորհային ծրագրին: «ՔՀԿամուրջ» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին, ֆինանսավորում է Եվրոպական միությունը եւ իրականացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ համագործակցելով Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ: «Ծնողական օնլայն դպրոց» ծրագիրը մեկնարկել է 2018թ-ի դեկտեմբերի 1-ին, շարունակվելու է մինչև 2019թ-ի հունիսի 1-ը:

«Հավատ» ՀԿ-ն գործում է 1996 թվականից՝ «Արաբկիր» բժշկական համալիրի հանրապետական սուրդոկենտրոնին կից, որտեղ հաշվառված են լսողության խնդիր ունեցող 0-18 տարեկան 1500-ից ավելի երեխաներ եւ դեռահասներ: ՀԿ-ի նպատակն է համախմբել լսողական խնդիրներ ունեցող երեխաների ընտանիքներին: Ավելի քան քսան տարվա ընթացքում կազմակերպությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ խթանելու երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը, լուծելու նրանց կրթական, առողջապահական, սոցիալական հիմնահարցերն ու բարելավելու կյանքի որակը:
Ծրագիրը առցանց է: Լսողական խնդիրներ ունեցող երեխաների ընտանիքներից շատերն ապրում են մարզերում եւ հաճախ չեն կարողանում գալ սուրդոկենտրոն եւ ստանալ խորհրդատվություն: «Ծնողական օնլայն դպրոց»-ը կլինի անվճար հարթակ, որը ծնողներին կտրամադրի համապարփակ տեղեկատվություն տարբեր թեմաների շուրջ՝ ախտորոշումից մինչև ներառական կրթության նյուանսներ: ԵՄ ֆինանսավորմամբ այս ծրագրի շրջանակում նախատեսվում է պատրաստել 15 տեսանյութ, որոնց թեմաներն ընտրվել եւ քննարկվել են մասնագետների հետ: