Կրծքով կերակրման կարեւորությանը ուշադրություն դարձնելու համար Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության առաջարկով օգոստոսի առաջին շաբաթը համարվում է «Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ»: Կրծքով կերակրվելու մասին շատ են միֆերը: Տասնչորս առասպել կրծքով կերակրման մասին.
Առասպել 1: Կրծքով կերակրելը հեշտ է:
Նորածինները ծնվում են իրենց մոր կուրծքը փնտրելու ռեֆլեքսով: Այնուամենայնիվ, շատ մայրեր աջակցության կարիք ունեն կրծքով կերակրումը ճիշտ դիրքով իրականացնելու համար: Կրծքով կերակրումը ժամանակ եւ փորձառություն է պահանջում, ինչպես մայրերի, այնպես էլ երեխաների համար: Կրծքով կերակրումը նաեւ ժամանակատար է, ուստի մայրերը տանը եւ աշխատավայրում աջակցության եւ ազատության կարիք ունեն:
Առասպելը 2: Կրծքով կերակրելը ցավոտ է, իսկ պտուկների ճաքերը՝ անխուսափելի:
Շատ մայրեր անհարմարություն են զգում ծննդից հետո առաջին մի քանի օրվա ընթացքում, երբ նրանք դեռ սովորում են կրծքով կերակրել: Սակայն ճիշտ դիրքում գտնվող եւ ճիշտ կերպով կրծքին դրված երեխայի դեպքում պտուկների ճաքերից կարելի է խուսափել: Եթե մայրը կրծքով կերակրելիս խնդիրներ ու դժվարություններ ունի, ինչպիսիք են օրինակ պտուկների ճաքերը, ապա կրծքով կերակրման խորհրդատուի կամ այլ հմուտ մասնագետի աջակցությունը կարող է օգնել հաղթահարել այս խնդիրները:
Առասպել 3: Պտուկները պետք է լվանալ ամեն մի կերակրումից առաջ:
Պետք չէ լվանալ պտուկները յուրաքանչյուր կերակրումից առաջ: Երբ երեխաները ծնվում են, նրանց արդեն իսկ հարազատ է իրենց մոր հոտն ու ձայնը: Պտուկները արտադրում են մի նյութ, որի հոտը երեխան զգում է. այն պարունակում է «լավ բակտերիաներ», որոնք օգնում են մանուկներին առողջ իմունային համակարգ ձեւավորել:
Առասպել 4: Մայրը եւ պետք է մեկուսանա նորածնից, որպեսզի հանգստանա:
Բժիշկները, բուժքույրերը եւ մանկաբարձները խրախուսում են «մաշկ մաշկի» մոտեցումը ծնվելուց անմիջապես հետո, որը հայտնի է նաեւ որպես «Ագեվազի մեթոդ» անվանմամբ: Երեխայի հետ անմիջական՝ մաշկը մաշկին շփումը շատ կարեւոր է, դա նրանց օգնում է հեշտությամբ գտնել եւ կցվել կրծքին: Եթե դուք կարող եք դա ապահովել ծննդից հետո մեկ ժամվա ընթացքում, իսկ հետագայում ավելի հաճախ, ապա դա կապահովի կրծքով կերակրման ճիշտ սկիզբը: Եթե մայրը ի վիճակի չէ դա անել, ապա հայրը կամ ընտանիքի այլ անդամը կարող են միջամտել:
Առասպել 5: Կրծքով կերակրելիս մայրիկը պետք է միայն պարզ սնվի:
Ինչպես բոլորը, կրծքով կերակրող մայրերը նույնպես պետք է հավասարակշռված սննդակարգ ունենան: Ընդհանուր առմամբ, սնվելու սովորույթները փոխելու կարիք չկա: Դեռ արգանդից երեխաները գիտեն իրենց մայրերի սննդի նախասիրությունները: Եթե մայրը նկատում է, որ երեխան կոնկրետ սննդատեսակին տարօրինակ է արձագանքում, ավելի լավ է խորհրդակցել մասնագետի հետ։ Առասպել 6: Մարզումները կազդեն ձեր կրծքի կաթի համի վրա: Մարզումները առողջության գրավական են կրծքով կերակրող մայրերի համար նույնպես: Ապացույց չկա, որ դա ազդում է կաթի համի վրա:
Առասպել 7: Եթե անմիջապես չսկսել կրծքով կերակրումը, հետո արդեն ուշ կլինի:
Երեխայի ծնվելուց մեկ ժամ հետո ավելի հեշտ է սկսել կրծքով կերակրումը, քանի որ երեխայի ռեֆլեքսները այդ ժամանակ շատ ուժեղ են: Նրանք պատրաստ են կրծքով սնվել սովորել: Եթե դուք չեք կարող երեխային ծննդից անմիջապես հոտ կրծքին դնել, ապա դա հարկավոր է անել հնարավորինս շուտ՝ ձեր իրավիճակին համապատասխան: Եթե դուք երեխային կրծքին դնելու համար աջակցության կարիք ունեք, կրծքի կերակրման խորհրդատուի կամ այլ հմուտ մասնագետի դիմեք: Հաճախակի մաշկը մաշկին շփումը եւ ձեր երեխային կրծքին դնելը կնպաստի կրծքով կերակրելու գործընթացին:
Առասպել 8: Եթե ցանկանում եք կրծքով կերակրել, երբեք չեք կարող կաթնախառնուրդ օգտագործել:
Մայրերը կարող են որոշել, որ երբեմն պետք է կաթնախառնուրդ օգտագործել՝ շարունակելով կրծքով կերակրելը: Կարեւոր է կաթնախառնուրդների եւ կրծքի կաթի այլ փոխարինիչների մասին անկողմնակալ տեղեկություններ ունենալը: Կաթնարտադրությունը շարունակելու համար երեխային հնարավորինս հաճախ կուրծք առաջարկեք: Կարող է օգնել նաեւ մասնագետի աջակցությամբ կրծքով կերակրումը շարունակելու գործող ծրագիր մշակելը:
Առասպել 9: Շատ մայրեր բավարար քանակությամբ կաթ չունեն:
Գրեթե բոլոր մայրերը իրենց մանուկներին բավարար քանակությամբ կաթ ունեն: Կաթի քանակը կախված է նրանից, թե երեխան ինչ դիրքով է կերակրվում, որքան հաճախ եւ ինչպես է կերկրումը ավարտվում ամեն անգամ: Կրծքով կերակրումը մեկ կնոջ գործ չէ, եւ մայրերին աջակցություն է պետք՝ բուժաշխատողների հետևողական եւ շարունակական աջակցություն, օգնություն տանը եւ առողջություն՝ անհրաժեշտ քանակի սնունդ եւ հեղուկ ընդունելու միջոցով:
Առասպել 10: Հիվանդ ժամանակ կրծքով կերակրել չի կարելի:
Կախված հիվանդությունից՝ մայրերը սովորաբար կարող են կրծքով կերակրել, երբ հիվանդ են: Դուք պետք է համոզված լինեք, որ ստանում եք ճիշտ բուժում, հանգստանում եք եւ լավ եք սնվում: Շատ դեպքերում այդ հիվանդության բուժման ընթացքում օրգանիզմում ստեղծված հակամարմինները փոխանցվում են ձեր երեխային՝ կառուցելով նրա անձնական պաշտպանությունը:
Առասպել 11: Դուք չեք կարող դեղորայք օգտագործել կրծքով կերակրելու ընթացքում:
Կարեւոր է տեղեկացնել ձեր բժշկին, որ դուք կրծքով եք կերակրում եւ ուշադրությամբ կարդալ բոլոր դեղամիջոցների ցուցումները: Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի դեղորայք ընդունել կոնկրետ ժամանակահատվածում կամ կոնկրետ դեղաչափով կամ էլ այլընտրանքային տարբերակ ընտրել: Անհրաժեշտ է նաեւ տեղեկացնել երեխայի մանկաբույժին, թե ինչ դեղամիջոցներ եք դուք ընդունում:
Առասպել 12: Կրծքով սնուցված բալիկները կառչուն են:
Բոլոր երեխաները տարբեր են: Ոմանք կառչուն են, ոմանք՝ ոչ, անկախ նրանից, թե ինչպես են սնվում: Կրծքով կերակրումը ոչ միայն նորածինների լավագույն սնունդն է, այլեւ կարեւոր է նրանց ուղեղի զարգացման համար: Կրծքով կերակրվող երեխաները շատ ժամանակ են գտնվում մոր գրկում, ինչն էլ մոր եւ երեխայի միջեւ հատուկ կապ է ստեղծում:
Առասպել 13: Կրծքով կերակրելը դժվար է ընդհատել, եթե երեխան կերակրվել է ավելի քան մեկ տարի:
Որևէ ապացույց չկա, որ մեկ տարուց հետո կրծքով կերակրելը դժվար է դադարեցնել, սակայն կա ապացույց, որ մինչեւ երկու տարի կրծքով կերակրումը շահավետ է թե՛ մայրերի եւ թե՛ երեխաների համար: Բոլոր մայրերը եւ երեխաները տարբեր են, եւ պետք է միասին որոշել, թե որքան ժամանակ շարունակել կրծքով կերակրել:
Առասպել 14: Եթե դուք վերադառնում եք աշխատանքի, ապա պետք է հրաժարվել կրծքի կաթից:
Շատ մայրեր շարունակում են կրծքով կերակրել անգամ աշխատանքի վերադառնալուց հետո: Առաջինը կարդացե՛ք ձեր երկրի եւ աշխատավայրում ընդունված կանոններն ու քաղաքականությունը: Եթե դուք աշխատանքային ժամերին հավելյալ ժամանակի եւ հատուկ տարածքի իրավունք ունեք, ապա կարող եք վերադառնալ տուն եւ կերակրել ձեր բալիկին կամ կարող եք ձեր տան անդամներից մեկին կամ բարեկամին խնդրել բալիկին բերել ձեզ մոտ կերակրելու համար կամ էլ նրա միջոցով տուն հասցնել թարմ կթված կաթը: Եթե դուք ոչ մի տարբերակ չունեք կրծքով կերակրել աշխատանքային ժամերին, ապա կթեք կաթը օրվա ընթացքում եւ կրծքի կաթով կերակրե՛ք երեխային, երբ տանն եք: Եթե որոշեք որոշ կերակրումներ փոխարինել կաթնախառնուրդով, ապա լավ կլինի դեռ երեխայի հետ լինելու ժամանակ շարունակել նաեւ կրծքով կերակրել: