Ինչպես խոսել առաջին դաշտանի մասին

ինչպես-խոսել-առաջին-դաշտանի-մասին

Ինչպես խոսել առաջին դաշտանի մասին

Ինչքան էլ որ խոսվում է սեռակրթության մասին, միեւնույն է ծնողների մեծ մասը երեխաներին չի նախապատրաստում օրգանիզմում սպասվող փոփոխություններին։
Երբեմն էլ կան ծնողներ, ովքեր ուզում են խոսեն երեխաների հետ, բայց չգիտեն երբ եւ ոնց պետք է սկսեն։ 
Պատանեկան շրջանի մասին խոսելուց պետք է նշեմ, որ աղջիկների կյանքում ամենաանսպասելի ու տագնապային վիճակը առաջին դաշտանի սկիզբն է։
Ծնողները երբեմն սպասում են, մինչեւ երեխան դառնա 12 տարեկան նոր սկսեն խոսել , մեկ էլ պարզվում է, որ երեխայի մոտ առաջին ցիկլը սկսում է 11 տարեկանում։

Ծնողները հաճախ առաջնորդվում են իրենց օրինակով եւ սպասում, բայց օրգանիզմները տարբեր են տարբեր մարդկանց մոտ։
19-րդ դարում Նորվեգիայում կատարված հետազոտության արդյունքում պարզ էր դարձեր, որ առաջին դաշտանի տարիքը աղջիկների մոտ 17 տարեկանն է, իսկ 21-րդ դարում այդ տարիքը 11.2-ն է։
Իհարկե այս ամենը կապված է բազում գործոններից՝ աքսելերացիա, ուրբանիզացիա, ինֆորմացիոն հոսք, գենետիկ ֆակտորներ, հորմոնալ տեղաշարժեր եւ այլն։
Այսօր առաջին դաշտանի սկզբի համար սահմանված է հետեւյալ տարիքը 11.5 տ, պլյուս-մինուս 2 տարի։
Առհասարակ երեխաների հետ այս թեմայով կարելի է խոսել այն ժամանակ, երբ նկատում ենք օրգանիզմում փոփոխություններ՝ կրծքագեղձերի մեծացում, ձայնի տեմբրի փոփոխություն, մազածածկույթի ի հայտ գալ եւ այլն։ 
Անպատրաստ երեխաները առաջին անգամ հեշտոցից արյուն տեսնելուց կարող են հուզվել, արտասվել, վախենալ եւ նույնիսկ կարծել, որ մահանում են։ 
Ծնողները ունեն մեծ պատասխանատվություն երեխաների սեռահասունացումը սահուն անցկացնելու գործում։
Խոսեք ձեր երեխաների հետ, դա ամոթ չէ, դա անհրաժեշտ է։
Բժիշկ, սեքսապաթոլոգ Անդրոնիս Ղարիբյան