Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրեւ ամռան առաջին օրը, այլեւ երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին միջազգային տոներից մեկն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռեւս 1925 թվականին` Ժնեւում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին հատուկ խոցելի խումբ: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի եւ առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։ Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո 1996 թ.-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Հունիսի 1-ը նշվում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, վերջին տարիների այս տոնին նաեւ միացել են մի շարք եվրոպական երկրներ եւ ԱՄՆ մի շարք նահանգներ: