Երևանի համար 140 մանկապարտեզը (նախկինում թիվ 196 մանկապարտեզ) կառուցվել է 1964 թ.-ին: Մանկապարտեզը հիմնադրված օրվանից եղել և մնում է վերին Չարբախ թաղամասի միակ տիպային քարե կառույցը, որը բաղկացած է երկհարկանի երկու մասնաշենքից, ունի երկկողմանի ընդարձակ բակ և ծաղկանոց: Բակում տեղադրված են տաղավարներ, ճոճանակներ, աճում են թթենիներ, ընկուզենի, մոշենի և կաղնուծառեր:
Լուսավոր և ընդարձակ դահլիճում պարբերաբար անցկացվում են պետական և ազգային տոներին նվիրված հանդիսություններ, ծիսակատարություններ և այլ միջոցառումներ: Երեխաների հայեցի և բազմակողմանի դաստիարակությունը մանկավարժական անձնակազմը համարում է առաջնահերթ խնդիր: Մանկապարտեզի սաների համար պարբերաբար կազմակերպվում են այցելություններ Խ. Ապոր անվան մանկական գրադարան, մանկական պատկերասրահ, Եռաբլուր: Բացի այդ մանկապարտեզ են այցելում հայ մանկագիրներ և երգահաններ՝ ազատ և անկաշկանդ միջավայրում երեխաների հետ շփվելու համար: