Երևանի համար 136 մանկապարտեզը (նախկինում Շենգավիթի թիվ 175 մսուր-մանկապարտեզ) հիմնադրվել է 1963 թ.-ին: Հաստատության շենքը նախատեսված է չորս խմբի համար: Առաջին ղեկավարն է եղել Արծվիկ Հակոբյանը, այնուհետև նրա գործը շարունակել են Էմմա Գրիգորյանը, Ռոզա Թումասյանը, Գոհար Ղազարյանը, Կարինե Ջանոյանը։
Մանկապարտեզը հասարակության առաջին մոդելն է, որի հետ առնչվում է երեխան, այստեղ են ձևավորվում նրա կյանքում առաջին միջանձնային հարաբերությունները, ստեղծվում է այն միջավայրը, որի շնորհիվ առավել դինամիկ և ճիշտ են զարգանում երեխայի ընդունակությունները, հղկվում է բնավորությունը։ Որպես փոքրիկների հասարակության պատասխանատուներ` մանկավարժական անձնակազմն աշխատում է երեխայի համար ստեղծել ջերմ, հանգիստ և ստեղծագործական մթնոլորտ։
Մանկապարտեզի մանկավարժական կազմն առաջնորդվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության մշակած կրթական համալիր ծրագրերով։ Երեխաները ստանում են հայեցի կրթություն, մասնակցում ազգային, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի տաղավար տոներին` Սուրբ Ծնունդ, Տյառնընդառաջ, Վարդավառ, Սուրբ Զատիկ և այլն։ Ծանոթանում են հայկական ծեսերին և ավանդույթներին, սիրով մասնակցում բեմականացումներին։
Մանկապարտեզում ամուր հիմքերի վրա են դրված ֆիզկուլտուրայի պարապմունքները, երեխաները պարբերաբար մասակցում են միջմանկապարտեզային սպորտլանդիաների և ստանում պատվոգրեր։ Բակում կա փոքր ջրավազան, որտեղ ամռան ամիսներին կազմակերպվում էին ջրային լոգանքներ: