1927թ.-ին Երեւանի պետական կոնսերվատորիայի տնօրեն Ա. Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ հիմնվեց օպերային ստուդիա, որի երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի և մեներգիչների կազմերով էլ Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք` Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:Սա պարզապես մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական կոթող, որի հեղինակն է համաշխարհային հռչակ վայելող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Նրա այս գլուխգործոցը 1937 թվականին արժանացել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի մեծ մրցանակին: Օպերային թատրոնը հիմնադրվել է հայ ժողովրդի համար պատմական բարդ ժամանակահատվածում՝ նախորդ դարի 30-ականների կեսերին: Սակայն օպերային թատրոն ունենալու ցանկությունը վեր էր ամեն կարգի դժվարությունից: Նոր Հայաստանի երաժշտական մշակույթի խորհրդանիշն այսօր մեզ է ներկայանում իր կատարյալ շուքով, դասական գեղեցկությամբ, տեխնիկայի վերջին խոսքով զինված բեմով, շքեղ հանդիսասրահով, ընդարձակ ճեմասրահներով:
1932թ. Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվեց Ազգային օպերային թատրոնը: Նա իր կյանքն սկսեց Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ 1933թ.-ի հունվարի 20-ից: Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար Ռ. Մելիքյանի նախաձեռնությամբ 1935թ.-ին առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմահարթակ բերվեց Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: