Եթե դուք քիչ թե շատ հետաքրքրված եք նախադրպրոցական կրթությամբ, ապա ձեզ ծանոթ կլինեն «Ռեջիո մոտեցում», «Ռեջիո մանկավարժություն» տերմինները։ Ռեջիո մոտեցումը ծագել է Իտալիայի Ռեջիո-Էմիլիա քաղաքում՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո, երբ մանկավարժ Լորիս Մալագուցին տեղի բնակիչների հետ միասին հանձն առավ ստեղծել մի նոր կրթական մշակույթ, որը հիմնված էր Լ․ Վիգոցկու գաղափարների, Մ․ Մոնտեսորիի սկզբունքների, Պիաժեյի և Գարդների տեսությունների, քաղաքի բնակիչների մտածելակերպի, նրանց անցյալի, ներկայի և երազած ապագայի վրա։ Մալագուցին կարծում էր, որ մեծահասակի հիմնական խնդիրն է օգնել երեխային բացահայտել աշխարհը, ոգեշնչել, զարգացնել հետաքրքրասիրությունը և կարողությունները:
Ռեջիո միջավայում երեխան ինքն է ընտրում, թե ինչով զբաղվի։ Չկան սահմանափակումներ․ խրախուսվում են բոլոր գաղափարները։ Ազատ խաղի, խոսակցությունների ընթացքում առաջ են քաշվում թեմաներ, իսկ թեմաները ծավալվելով դառնում են նախագծեր, որոնք, ինքնին, արդեն մեծ կրթական ինֆորմացիայի պաշար են պարունակում։ Մեծահասակն օգնում է իրականացնել նախագծերը, բայց երբեք չի միջամտում գործունեության ընթացքում։ Ռեջիո մանկավարժը ոչ թե ուսուցիչ է, այլ ընկեր և ուղղորդող: Չկան հատուկ ծրագրեր, որոնք պատրաստում են Ռեջիո մանկավարժներ: Ռեջիո մանկավարժն անընդհատ ինքնակրթվող, ինքնակատարելագործվող անհատականություն է: Ռեջիո մոտեցման առանձնահատկություններից է փաստագրումը, որը կատարվում է երեխաների գործունեության ամբողջ ընթացքում․ գրանցվում են երեխաների կարևոր խոսքերը, լուսանկարվում են ստեղծագործությունները, տեսագրվում է նախագծի իրականացման ընթացքը։ Հենց փաստագրումն է օգնում ստեղծել պատի թերթեր, որոնք պատմում են երեխայի անցած զարգացման ճանապարհի մասին։ Երեխայի նկատմամբ հարգանքը Ռեջիո մանկավարժության գլխավոր սկզբունքներից է։ Երեխաներն ունեն ազատ գործունեության և ինքնուրույն իրենց հետաքրքրությունները բավարարելու հնարավորություն: Ըստ Ռեջիո մոտեցման՝ միջավայրը երրորդ ուսուցիչն է, որը հնարավորություն է տալիս անել փորձարկումներ և ստեղծագործել: Երեխան աշխարհը բացահայտում է իր բոլոր զգայարաններով, և իրեն շրջապատող միջավայրը պետք է նպաստի դրան։ Ռեջիո մանկավարժությունը մեթոդիկա չէ և ոչ էլ մոդել։ Դա, ավելի շուտ, երեխաների դաստիարակության այլ վերաբերմունք ու մոտեցում է։ Ռեջիո հետևորդները հավատում են, որ երեխաներն այս աշխարհը ավելի լավն են դարձում: Հեղինակ՝ Սիլվա Սարդարյան, ռեջիո մոտեցման մասնագետ, «ԼՈՒՍԷ ՏՆԱԿ»-ի համահիմնադիր :