3 տարեկանի ճգնաժամ

3 տարեկանի ճգնաժամ կամակորություն

3 տարեկանի ճգնաժամ

Երեք տարեկանում երեխայի կյանքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Առհասարակ բոլոր տարիքային ճգնաժամերը, որոնք կոչվում են նաեւ «անցումային» փուլեր, կապված են որակական փոփոխությունների հետ։ Այսինքն, այս տարիքում ծնվում են նոր որակներ ու կարողություններ, որոնք չկային մինչ այդ։ Այդ նոր որակները բոլոր ճգնաժամային տարիքներում, այստեղ եւս առնչվում են եւ՛ երեխայի ֆիզիոլոգիական, եւ՛ հուզական ու ինտելեկտուալ ոլորտներին։


Առաջին հերթին սեփական «ես»-ի տարբերակման ճգնաժամ ն է: Այս տարիքում երեխան սկսում է իրեն առանձնացնել շրջապատող իրականությունից, երբ ասում է՝ ես ինքս, արդեն իսկ իրեն զգում է ակտիվ, շրջապատի վրա ազդող սուբյեկտ։
Հաջորդ նոր որակը, որը երեք տարեկանը ձեռք է բերում այս շրջանում՝ կամքն է, դրա գիտակցումը։
Երեխան կամքի աղբյուր է զգում իրեն եւ սկսում է այս նոր որակն օգտագործել այն հաճախականությամբ, որով մենք սիրում ենք զմայլվել մեզանով հայելու մեջ, երբ նոր զգեստ ենք հագած լինում։
Եթե ծնողները չեն կարողանում հմտորեն կառավարել երեխայի մոտ ձևավորվող նոր որակներն ու դրանց ծայրահեղ դրսևորումները, երեխան դառնում է դժվար կառավարվող։
Այս տարիքին բնորոշ է նեգատիվիզմը, երբ երեխան բացասական է արձագանքում ամեն ինչին՝ հենց այնպես, պարզապես հակառակվելու համար։ Դե, պատկերացրեք, որ դուք շատ փոքրիկ եք, այնքան փոքրիկ, որ ոչ մի կերպ չեք կարողանում ազդել ձեզ շրջապատող իրավիճակի վրա։ Մեկ էլ դուք հայտնաբերում եք մի միջոց, որով կարելի է բարկացնել, հունից հանել, ուրախացնել, մի խոսքով՝ ազդել իրավիճակի վրա։ Եթե պատկերացրիք, ապա կհասկանաք երեք տարեկան երեխային։ Գրեթե բոլոր ծնողների գնահատմամբ, սա շատ բացասական փոփոխություն է երեխայի զարգացման ընթացքում, սակայն սա վկայում է այն մասին, որ երեխան կարողանում է գործել իր ցանկություններին հակառակ, բոլորին հակառակ, նշանակում է՝ ձեռք է բերում իր գործելու սեփական մոտիվներն ու անկախանում է շրջապատողներից. սա պարզապես հրաշալի է։
Այս իրավիճակը կառավարելու համար ծնողներից համբերատարություն է պահանջվում։
Այս տարիքում երեխան նաև դառնում է քմահաճ, պնդում է իր ցանկությունները միայն այն պատճառով, որ ինքն արդեն դրա մասին հայտարարել է, եւ պահանջում է իր ցանկությունների լուռ կատարում՝ նույնիսկ այն դեպքում, երբ այդ ցանկությունն արդեն կորցրել է իր արդիականությունը։ Այստեղ ծնողներից մի քիչ հաստատակամություն է պահանջվում պնդելու իրենց կամքը եւ չկատարելու, եթե դա անհնարին է։
Հաջորդ նշանը կամակորությունն է: Այս որակն այնքան առանցքային տեղ է զբաղեցնում ճգնաժամի մեջ, որ այս տարիքը նաեւ անվանում են կամակորության ճգնաժամ: Ի տարբերություն նեգատիվիզմի, որն ուղղված է մեծահասակների դեմ, կամակորությունն անդեմ է եւ ուղղված է ուղղակի երեխայի համար նախատեսված դաստիարակության բոլոր նորմերին, կյանքի ձեւին:
Ճգնաժամը բնութագրող չորրորդ հատկությունն է: Դրսեւորվում է երեխայի ինքնուրույնությամբ: Սա նախկինում չկար, իսկ հիմա երեխան ցանկանում է ամեն ինչ ինքնուրույն անել: Այստեղ երեխային պետք է տալ սահմանափակ ընտրության հնարավորություն եւ այդ սահմաններում ընտրելու ազատություն։ Եթե երեխան պահանջում է հագնել այս կամ այն վերնաշապիկը, նրան պետք է առաջարկել երեք վերնաշապիկ, որպեսզի դրանցից ընտրի մեկը։ Բնականաբար, առաջարկելիս պետք է ընտրել այն երեքը, որոնք ընդունելի են այդ օրվա համար։
Նման երևույթներից ոչ միայն չպետք է անհանգստանալ, այլեւ պետք է ուրախանալ, քանի որ դրանց առկայությունը վկայում է երեխայի բնականոն զարգացման եւ անձի ձևավորման մասին:
Աղբյուրը՝ «Երկուսով» հոգեբանական կենտրոն:

ձեր մեկնաբանությունը