1 տարեկանի համար զարգացնող խաղեր
«Երկուսով» հոգեբանական կենտրոնի լոգոպեդ Մարիամ Պետրոսյանն
առաջարկում է խաղեր, որոնք կնպաստեն զարգացնել մանր մոտորիկան, խոսքը, ուշադրությունը, մտածողությունը, կոորդինացիան, հետեւողականությունը, հույզերի արտահայտումը կյանքի առաջին տարում։
-
Կարելի է զարգացնել երեխայի մանր մոտորիկան, մտածողությունը, կոորդինացիան եւ ուշադրությունը` սկսած 4 ամսականից։
Երբ երեխան սկսում է ակտիվ թափահարել թաթիկներն ու ոտիկները (զարգանում է ակտիվության կոմպլեքսը), ապա կարելի է երեխային մոտեցնել վառ գույնով փուչիկ (քիչ փչած), որպեսզի ուսումնասիրի։ Եթե հետաքրքրում է փուչիկը, ապա փուչիկը դնել երեխայից մի քիչ հեռու, բայց երեխայի համար տեսանելի հատվածում եւ ծայրին կապել գունավոր ժապավեն, իսկ ժապավենի մյուս ծայրը դնել երեխայի թաթիկի մեջ, մի քանի անգամ ժապավենից քաշել եւ ցույց տալ, որ ժապավենը շարժելով փուչիկը շարժվում է։
Այս խաղը կարելի է խաղալ ավելի մեծ տարիքի երեխայի հետ, եթե հետաքրքրում է։ -
Կարող եք վերցնել հաստ ժապավեն, վրան անց կացնել առարկաներ, որոնք մեջտեղում անցք ունեն (օղակներ, անգամ կարող եք չորաբլիթներ օգտագործել (бублик))։ Եւ երեխային տեսանելի կերպով դանդաղ հանեք օղակներից մեկը, ապա փոքրիկին առաջարկեք մեկ-երկուսը հանել միասին, հետո մի փոքր սպասեք եւ թույլ տվեք երեխան ինքնուրույն փորձի։ Օգնեք, եթե բարկանում է կամ դիմում ձեր օգնությանը, բայց միանգամից մի միջամտեք, ժամանակ տվեք թող մտածի։ Բոլորը հանելուց հետո միասին նորից շարեք ժապավենի վրա։ Երբ մինչեւ վերջ հանում է կամ շարում, խրախուսեք, գովեք, շոյեք նրան, որպեսզի ճիշտ կատարած աշխատանքը դրական հույզեր արթնացնի երեխայի մոտ եւ փորձի միշտ գործն ավարտին հասցնել։
Նմանատիպ խաղեր կարելի է խաղալ 8-9 ամսականից սկսած, որը կնպաստի մանր մոտորիկայի, մտածողության, ուշադրության զարգացմանը։ -
Այս խաղը կարելի է խաղալ 6-7 ամսականից սկսած, որը կզարգացնի երեխայի մանր մոտորիկան, ուշադրությունը եւ խոսքը։ Երեխայի սիրելի խաղալիքը փաթաթել մի քանի շերտ գունավոր թղթի մեջ եւ տալ նրան։ Օգնել դանդաղ բացել առաջին շերտը, որպեսզի երեխան տեսնի՝ ինչ է անհրաժեշտ անել։ Շարունակել բացել հաջորդ շերտերը, եթե երեխան ինքնուրույն չի բացում։ Երբ բացվում է վերջին շերտը՝ ասել խաղալիքի անվանումը։ Կարելի է փաթաթել նաեւ տիկնիկ եւ տիկնիկի որեւէ մարմնի մասը երեւալուց անվանել, նույն մարմնի մասը ցույց տալ երեխայի մոտ, մայրիկի մոտ եւ անվանել։
-
Վերցրեք երկու տարա (պարտադիր չէ խաղալիք), մեկի մեջ լցրեք տարբեր ձեւ ունեցող մանր առարկաներ՝ գնդակ, խորանարդիկ, լոբի, կոճակ, փոքրիկ խաղալիքներ, եւ երեխային սովորեցրեք 3 մատիկով (բթամատ, ցուցամատ, միջնամատ) առարկաները բռնել եւ տեղափոխել մյուս տարայի մեջ։ Յուրաքանչյուր առարկա կարելի է անվանել, բայց ոչ թե միայն առարկայի անվանումը ասել, այլ խոսել «կենդանի» խոսքով։
-Տե´ս, փոքրիկ գնդակ է։
-Օ՜յ, մի հատ էլ կոճակ։
Ուշադրություն, քանի որ խաղի դետալները մանր են, անհրաժեշտ է միշտ ուշադիր հետևել խաղին, ոչ մի րոպե չհեռանալ կողքից։ Կարելի է գդալ տալ, որպեսզի հատիկ-հատիկ գդալով տեղափոխի։ Այն կհեշտացնի գդալի կոորդինացված շարժելը, ինքնուրույն ուտելը, կենտրոնանալը, ուշադիր լինելը, կզարգացնի մանր մոտորիկան։ -
Խաղը կհետաքրքրի 8-9 ամսականից սկսած եւ կնպաստի զարգացնել մանր մոտորիկան, խոսքի ընկալումը, հետևողականությունը, հույզերի արտահայտումը, ուշադրությունը։
Գրկեք փոքրիկին այնպես, որ երեխային առավելապես հարմար լինի եւ որեւէ բանաստեղծություն արտասանելով մատիկները հերթով ծալել, ապա միասին բոլոր մատիկները բացել։ Ճիշտ կլինի եթե բանաստեղծության սկիզբը եւ վերջը համապատասխանի մատիկների ծալելուն եւ ավարտվի մատիկները բացելով։
Կարող եք ինքներդ հորինել, դժվար չէ, օրինակ՝
Ապա փոքրիկ մի մատիկ (սկսում ենք ճկույթից),
Իսկ նրա կողքին քույրիկ,
Նրանց կանչեց մայրիկը,
Ում սպասում էր հայրիկը։
Իսկ մեր հաստլիկ բութիկը
Լավն է ասեց ընտանիքը։
Մտահոգ է մեր գառնուկը,
Չունի ընկեր, բարեկամ,
Բայց ուզում է դաշտ գնալ
Էնտեղ վազել ու խաղալ։
Իսկ մայրիկը խոստացավ
Ու նրան ընկեր գտավ։
Աղբյուրը՝ «Երկուսով» հոգեբանական կենտրոն