Մանկական վախեր
Մանկական վախերը բազմազան են: Դրանք կարող են առաջանալ ամենատարբեր պատճառներից: Բացի ձեռքբերովի վախերից,որոնք առաջանում են այս կամ այն արտաքին իրավիճակներին ի պատասխան, կարող են լինել նաև տարիքային վախեր, որոնք բնական են և ժամանակավոր բնույթ են կրում, եթե երեխային շրջապատող միջավայրում սթրեսային իրադրություններ չեն լինում.
Մինչև վեց ամսական երեխային կարող են վախեցնել ցանկացած բարձր ձայնը, անսպասելի աղմուկը, անկումը, ֆիզիկական հենարանի կորուստը:
Յոթ ամսականից մինչև մեկ տարեկան երեխային արդեն սկսում են վախեցնել որոշակի ձայները, անծանոթ մարդիկ, բարձրությունը, հագուստ հագնելու և հանելու գործընթացը:
Մեկից երկու տարեկանում երեխաները սկսում են վախենալ ծնողներից բաժանումից, անծանոթ մարդկանցից, քնից:
Մինչև երեք տարեկան երեխաների համար վախի աղբյուր է կրկին ծնողներից բաժանումը, ծնողների կողմից մերժվածությունը, անծանոթ հասակակիցները, միջավայրի փոփոխությունը, օրակարգի փոփոխությունը:
Երեքից չորս տարեկանում երեխաների մոտ ակտիվանում է մթության, մենակության, փակ տարածությունների վախը:
Վեցից յոթ տարեկանում սկսվում է մահվան վախը:
Յոթից ութ տարեկանում ծնողների սերը կորցնելու, ծնողների սպասելիքները չարդարացնելու վախն է ակտիվանում:
Ութ տարեկանից սկիզբ է առնում ծնողների մահվան, ծնողներին կորցնելու վախը:
Վախերի սրության հարցում մեծ դեր ունեն նաև երեխայի բնավորության առանձնահատկությունները՝ նրա տագնապայնության մակարդակը, զգայունակությունը, երեխայի հանդեպ կիրառվող պատիժները և սպառնալիքները, ինչպես նաև համակարգչային խաղերի և մուլտֆիլմերի ազդեցությունը:
Մանկական վախերի առաջացմանը նպաստող արտաքին գործոններից կարող են լինել.
- Ընտանիքը՝ այն ընտանիքներում , որոնցում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, կոնֆլիկտային հարաբերությունները ընտանիքի անդամների միջև, երեխաներն առավել հաճախ են ունենում զանազան վախեր: Դրանք հիմնականում կապված են լինում ծնողական սերը կորցնելու հետ:Հաճախ դիտվում են մթության , մենակ մնալու վախը: Երբեմն վախը դրսևորվում է անուղղակի ձևով,օրինակ՝ քնի խանգարումների, վախենալու երազատեսությունների , ախորժակի բացակայության կամ շատակերության տեսքով, երևակայության ակտիվացման տեսքով:
- Ծնողների մեծ սպասելիքները, որոնք չեն համապատասխանում երեխայի տարիքային զարգացման մակարդակին:Նման դեպքերում երեխաների մոտ սրվում է սխալվելու վախը:
- Իրավիճակային վախեր: Երեխաները կարող են վախենալ մեծ շներից, մեքենաներից, բժիշկներից և այլն:
- Համակարգչային խաղերը:
Եվ այսպես ՝ ի՞նչ կարելի է անել, եթե նկատում եք,որ երեխան վախենում է.
- Եթե վախերի պատճառը ընտանեկան կոնֆլիկտային հարաբերություններն են, ապա պետք է խոսել երեխայի հետ՝ բացատրելով իրավիճակը: Անդրադարձեք երեխայի զգացմուքներին, առաջացած վախերին և անհանգստութոյւններին: Դրանով Դուք ցույց կտաք երեխային,որ նրա կողքին եք և հասակնում ենք նրան և պատրաստ եք օգնել:
- Պետք է խրախուսել երեխային, քանի որ վախերը ուղղակիորեն ազդում են ինքնագնահատականի վրա:Հաճախակի նշեք երեխայի ուժեղ կողմերը, դրական խոսքեր ուղղեք նրան և քաջալերեք:
- Պետք է ուշադրություն դարձենլ ծնող-երեխա հարաբերությունների վրա: Արդյո՞ք ամեն բան նորմալ է, արդյո՞ք մեր պահանջները համապատասխանում են երեխայի տարիքային, հոգեբանական, ֆիզիկական հնարավորություններին: Քանի որ երեխայի մոտ կարող է բավականին սրված լինել ծնողների հրամանները , ցանկությունները պատշաճ կերպով չկատարելու և պատժվելու վախը:
- Պետք է հարգանքով վերաբերվել երեխայի վախին ` չծաղրելով, չկասկածելով, չանտեսելով այն:Մի՛ ծաղրեք երեխային և նրա վախը: Դա էլ ավելի կսրի նրա զգացումը: Ընդհակառակը, պետք է ստեղծել այնպիսի ապահով, հանգիստ միջավայր, որում երեխան կկարողանա արտահայտվել, կիսվել, նաև հանգստանալ:
- Կարելի է նաև պատմել երեխային սեփական կամ մեկ ուրիշի վախի մասին, դրա դրսևորումների մասին և անպայման պատմել երեխային, թե ինչպես այն հաղթահարվեց:
Սկզբնաղբյուրը՝ www.arttherapy.am