ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

բանաստեղծություններ ուսուցչի մասին

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված,
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Ամեն մարդ էլ… ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ… Ուսուցիչ է ունեցել:
Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Ախ, շա՜տ հաճախ տառապել եք անաղմուկ,
Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել:
Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք…
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Շատ դժվար էր` խավար դարում ձեզ համար:
Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել-
Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ…
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ,
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Հողագունդը գլոբո՜ւս է հմայիչ,
Բայց ուզում են այն կործանել ու ջարդել:
Հողագնդին հարկավոր է ուսուցիչ…
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

***

Սիրելի ուսուցի՛չ, տեսնում եմ ձեզ նորի՛ց,
Բայց արդեն ճերմակա՛ծ ավելի:
Եվ գիտեմ, որ մեկն էլ՝ այդ ճերմակ մազերից,
Եղել է իմ մեղքով երևի…

Աչքերիդ լույսերը, լույսե՜րը հարազատ
Անցել են իմ ջահել աչքերին:
Ես գիտեմ, որ դուք ինձ հիշե՛լ եք անընդհատ,
Ինչպես որ հիշում եք բոլորին:

Ինձ նորից հարցրեք այն անցած դասերից,

Այն անցած խոսքերից անհամար,
Ու եթե սխալվեմ, ուղղեցե՛ք ինձ նորից,
Ես հավե՜րժ աշակերտ ձեզ համար:

Ես եկել եմ այցի, և թող ձեռքըդ հոգնած
Համբուրեմ որդու պես անձնվեր,
Եվ ասեմ, որ կյանքում բոլոր լուսե մարդկանց
Ուսուցիչ անունն են միշտ տվել:

***

Ճերմակել է ուսուցչուհիս
Ու ծերացել է այնպէ՜ս,
Տխրութեամբ է լցւում հոգիս,
Երբ նայում եմ նրան ես:

Քանի՜-քանի՜ սերունդ է նա
Ճանապարհել դէպի կեանք,
Քանի ծիլ է ծաղկել նրա
Մայրական ջերմ ձեռքի տակ:

Բաժանել է նա բոլորին
Մտքի գանձերն անսպառ,
Վառել նրանց ճանապարհին
Հոգու լոյսերն իր պայծառ:

Եւ ուրախ է ու սիրտը գոհ
Ուսուցչուհիս ձիւնագէս,
Իր փոխարէն ամբողջ հոգով
Վշտանում եմ հիմա ես:

Որ չեմ կարող սրբել ձիւնի
Այս փաթիլներն անհամար,
Չէ որ մեկն էլ իր մազերից
Ճերմակել է ինձ համար…