Ամանորյա բանաստեղծություններ

ամանորյա ոտանավորներ, բանաստեղծություններ

Ամանորյա բանաստեղծություններ

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

ՄԵՏԱՔՍԵ

***

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ

Վաղ առավոտյան
Երբ որ արթնացա,
Տոնածառի տակ
Մի կապոց տեսա,
Ձմեռ պապիկն էր
Ինձ համար բերել
Ու իմ Նոր տարին
Շնորհավորել:
Այնպե՜ս եմ ուզում
Ձմեռ պապիկին
Ասել բարձրաձայն.
– Շնորհակալությո՛ւն…
Բայց հեռախոսի
Համարն եմ փնտրում,
Գրքում չեմ գտնում:

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

***

ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀՅՈՒՐ Է ԵԿԵԼ

Բակում ճերմակ ձյուն է եկել,
Ձմեռ պապին հյուր է եկել,
Խաղալիքներ բերել նվեր,
Նվերն ինձ շատ դուր է եկել:

ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

***

Եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին
Գարուն է բերել այս ձմեռ օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես ինքն է բերե
Նոր տարին:

Համո Սահյան

***

ՆՈՐ ՏԱՐԻ Է

Դրսում ձյուն է ու ձմեռ,
Դահլիճում մեծ տոնածառ,
Շուրջը ուրախ մանուկներ,
Ծառին լույսեր կան պայծառ:

Արտասանում են, երգում
Մանուկները խելացի,
Որ հայրենի մեր երկրում
Ոչ մի մանուկ չըլացի:

ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

***

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Հովհաննես Թումանյան

***

ԵՂԵՎՆԻ

Գունատ աշուն է, էլ չկա թռչուն,
Քամու թևերին տերևն է թռչում:
Միայն եղևնին, այնտեղ, խոր հովտում
Կանաչ է հագել, աշնան դեմ ժպտում:

ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ